երեքշաբթի, հունիս 16
16 / 6 / 2026
ԱԱ-2026․ Իսպանիան չկարողացավ կոտրել Կաբո-Վերդեի դիմադրությունը

ԱԱ-2026․ Իսպանիան չկարողացավ կոտրել Կաբո-Վերդեի դիմադրությունը

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ընթացող ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության խմբային փուլի առաջին տուրում գրանցվեց անսպասելի արդյունք: H խմբում Իսպանիայի հավաքականը չկարողացավ հաղթահարել Կաբո-Վերդեի դիմադրությունը, գրում է armsport.am-ը:

Ատլանտայի «Մերսեդես-Բենց Սթեդիում» արենայում կայացած հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով: Խաղը սպասարկում էր հորդանանցի մրցավար Ադհամ Մոհամադը:

Չնայած խաղային բացահայտ առավելությանը՝ «Ֆուրիա Ռոխան» այդպես էլ չկարողացավ գրավել մրցակցի դարպասը։ Իսպանացիները կատարեցին 25 հարված (որից 7-ը՝ դարպասի ուղղությամբ), մինչդեռ Կաբո-Վերդեն պատասխանեց ընդամենը 6 հարվածով (1-ը՝ դարպասի ուղղությամբ):

Հանդիպումը նշանավորվեց Իսպանիայի հավաքականի հարձակվող Միկել Օյարսաբալի աննախադեպ հակառեկորդով։ Ըստ Opta վիճակագրական ռեսուրսի՝ 29-ամյա ֆուտբոլիստը դարձավ աշխարհի առաջնությունների պատմության (վիճակագրությունը վարվում է 1966 թվականից) առաջին խաղացողը, որը մեկնարկային 30 րոպեների ընթացքում ոչ մի անգամ չի դիպել գնդակին: Նշենք, որ սա Օյարսաբալի նորամուտն էր մունդիալներում: Ազգային թիմի կազմում նա ընդհանուր առմամբ անցկացրել է 54 հանդիպում և խփել 25 գոլ:

Այս հանդիպումը հիշարժան էր նաև «Բարսելոնայի» 18-ամյա աստղ Լամին Յամալի համար, որը նշեց իր նորամուտը աշխարհի առաջնություններում՝ 71-րդ րոպեին փոխարինելով Գավիին: Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի չեմպիոնն ապրիլի վերջին՝ «Սելտայի» դեմ խաղում (1:0) վնասվածք էր ստացել և ժամանակից շուտ ավարտել ակումբային մրցաշրջանը։ Իսպանիայի հավաքականի կազմում նա արդեն անցկացրել է 25 հանդիպում, դարձել 6 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ:

 

Առաջին տուրից հետո Իսպանիան և Կաբո-Վերդեն վաստակեցին 1-ական միավոր և առայժմ գլխավորում են H խմբի մրցաշարային աղյուսակը:

 

Այս խմբի մյուս հանդիպումում լույս հունիսի 16-ի գիշերը կմրցեն Սաուդյան Արաբիան և Ուրուգվայը:

Երկրորդ տուրում Իսպանիան կխաղա Սաուդյան Արաբիայի հետ (հունիսի 21), իսկ Կաբո-Վերդեն կհանդիպի Ուրուգվային (հունիսի 22):

 

Տեսանյութերը՝ ԱՅՍՏԵՂ

 

H խմբի աղյուսակն այս պահին

  • Կիսվել: