երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Զինանշանի առյուծը պատկերված է հետույքով դեպի մեզ շուռ եկած, որն արգելված ձև է զինանշանագիտության մեջ. Ի՞նչ սխալներ է մատնանշում Կարեն Աղամյանը. «Հրապարակ»

Զինանշանի առյուծը պատկերված է հետույքով դեպի մեզ շուռ եկած, որն արգելված ձև է զինանշանագիտության մեջ. Ի՞նչ սխալներ է մատնանշում Կարեն Աղամյանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հունիսի 15-ին ԱԺ-ում անդրադարձավ պետական զինանշանին՝ նշելով, որ 1991-ին հիմնված պետականության հետ այն աղերս չունի։ Զինանշանի թերությունների մասին խոսակցությունը մեզանում նոր չէ՝ եղել է նախկինում, օրինակ՝ 2015-ին։ Զինանշանի թերություններն ու անճշտությունները շտկելու կողմնակիցներից էր Նկարիչների միության նախկին նախագահ Կարեն Աղամյանը, ով նաեւ վերամշակել է զինանշանի 100 տարբերակ։ Ըստ Աղամյանի՝ զինանշանի տեսքը որոշում են ոչ թե նկարիչներն ու ճարտարապետները, այլ՝ քաղաքագետներն ու պատմաբանները, հետո նոր՝ նկարիչը, դիզայները կամ ճարտարապետը։

«Մեր զինանշանի մեջ գտել եմ տասնյակ թերություններ, սխալներ։ Զինանշանի վրա առկա առյուծի տեսքը սխալ է։ Օրինակ, մեր զինանշանի վրա սուրը պատկերված է շղթայակապ, ինչը վատ նշան է, սրի ծայր չի նշմարվում՝ դա եւս վատ նշան է»,- ասում է նա։ Վահանի կողմերը պահող կենդանիները՝ վահանակիրները, հերալդիկայում ընդունված կանոններով, կարող են լինել առյուծ, փիղ։ Մեծ Բրիտանիայի զինանշանի աջ վահանակիրը միֆական կենդանի է՝ միաեղջյուր ձի։ Թե ինչ պատկեր ընտրել՝ քաղաքական որոշում է, ոչ թե նկարչի՝ նշում է Աղամյանը։

 

«Ես ունեմ իմ մշակած տարբերակները եւ, իմ կարծիքով, մի քանի հաջողված տարբերակ, որը համապատասխանում է այսօրվա Սահմանադրության կետերին։ Ոչինչ ավելացված, պակասեցված չէ, բայց եթե ներկա զինանշանի վրա շղթայակապ է, ես իրավունք չունեմ հանել շղթան, ես շղթայով ոչ թե կապել եմ սուրը, այլ շղթան վերցրել եմ օղակի նման, որը հերալդիկայի օրենքներով նշանակում է միասնություն։ Իսկ եթե սուրը շղթայով կապված է, ուրեմն այդ սուրն աշխատող չէ»,- ասում է Աղամյանը։

Ինչ վերաբերում է զինանշանի վրա պատկերված Արարատին, ապա այն վատն է, Նոյյան տապանի փոխարեն ինչ-որ ամպի կտոր է կամ մակույկ, ներքեւում՝ ջուր։ Այնինչ, եթե Արարատը բացվել էր, ջուր արդեն չպետք է լիներ։

«Ես իմ վերամշակման մեջ արդեն փոխել եմ՝ հեռանկար (պանորամա) է նկարված, բացի այդ՝ չի կարելի մեր երկրի մակերեսը ջրի տակ թողնել։ Նոյյան տապանը պետք է այնպես նկարեն, որ երեւա, որ դա Նոյյան տապանն է, ոչ թե մակույկ։ Նույն առյուծը, որ պատկերված է ճաղատ գլխով, առանց ժանիք, առանց լեզու եւ հետույքով դեպի մեզ շուռ եկած, որը նույնպես արգելված ձեւ է զինանշանագիտության մեջ։ Ժապավենն առանց կարգախոսի է, այնինչ, եթե կա ժապավեն, դրա վրա պետք է լինի կարգախոս։ Մեր պետությունը չունի կարգախոս, աշխարհի պետությունների մոտ 80 տոկոսն ունի։ Մենք չունենք կարգախոս, բայց ժապավեն է նկարված, այն էլ՝ թարս՝ երեսը դեպի հակառակ կողմը, ինչը ոչ մի բան չի նշանակում։ Դա տգիտություն է, անիմաստ բան է»,- շեշտում է մեր զրուցակիցը։

Օրինակ, Ադրբեջանի կարգախոսն է՝ «Կրակների երկիր», Կուբայինը՝ «Մահ կամ ազատություն», աֆրիկյան պետություններից մեկինը՝ «Բարգավաճում, խաղաղություն եւ անձրեւ», քանի որ շատ չոր երկիր է։ Աղամյանը կարգախոսի իր տարբերակներն ունի, օրինակ՝ «Միասնությունը պետության հիմքն է», «Ազգ, միասնություն, պետություն» եւ այլն։ Ռուբինյանների դարաշրջանի վահանի վրա առյուծի դեմքը պատկերված է ծիծաղելի վիճակում՝ սմայլիկներ, ուրվականներ՝ մի քանիսն արվել է չիմացության արդյունքում, մի քանիսն էլ՝ դիտավորյալ՝ հակված է մտածել Կարեն Աղամյանը։

Հայաստանում տարածված զինանշանի տարբերակներ կան, որտեղ թուրը, բացի շղթայակապ լինելուց, կոտրված ու վահանի վրա է դրված։ Նման տարբերություններով զինանշանները շատ անգամ օգտագործվում են պետական արարողությունների ժամանակ, շատ հաճախ՝ առանց հասկանալու։ «Բոլոր երկրներն ունեն հերալդիկայի խորհուրդ, որը հետեւում է բոլոր խորհրդանիշներին՝ պետական նշաններին, սկսած ինչ-որ պետական հիմնարկի լոգոտիպից մինչեւ զինանշան, օրհներգ եւ այլն։ Դա պարտադիր կառույց է, կազմի մեջ մտնում է մի քանի տասնյակ հոգի, որը մշտական կառույց է՝ իրենց գրասենյակով եւ այլն, եւ այլն։ Բոլոր պետություններն ունեն այդ խորհուրդը, բացի Հայաստանից։ Ադրբեջանն ունի, Վրաստանը, Թուրքիան, Անգլիան, Ռուսաստանը՝ բոլորն ունեն, մենք չունենք, դրա համար էլ այսպիսի քաոտիկ վիճակ է»,- շեշտում է նա։

 

Աղամյանը կարծում է, որ զինանշանի վերամշակում պետք է արվի, պետք է մտածել, թե ինչպես դա անել։ Նա բերում է Իրանի զինանշանի օրինակը, որի վրա մինչեւ իսլամական հեղափոխությունը երկու կողմից երկու առյուծ էին, հիմա փոխվել է՝ նմանվում է լոգոտիպի՝ առանց եվրոպական զինանշանագիտության պարտադիր ատրիբուտների։ Անդրադառնալով զինանշանի փոփոխությանն ու դրա հետ կապված ծախսերին՝ Աղամյանն առաջարկում է նոր տպագրվող անձնագրերի վրա պատկերել վերամշակված զինանշանը, իսկ հները քիչ-քիչ գործածությունից դուրս կգան։ Հետաքրքիր է Ղազախստանի օրինակը․ «Ղազախստանը 2018-ին պետական լեզուն սկսեց գրել ոչ թե կիրիլիցայով՝ ռուսական, այլ՝ լատինատառ, ու քանի որ զինանշանի վրա էլ կային կիրիլիցայով գրվածքներ, զինանշանը վերամշակեցին եւ տվեցին երեք տարի ժամանակ՝ մինչեւ 2021 թ․ նոյեմբերը, որ մինչ այդ գործածվեն թե՛ հինը, թե՛ նորը, բլանկները նորն էին տպում, հինը քիչ-քիչ դուրս կմնար գործածությունից։ Այնպես որ, սա ծախս չի ենթադրում բացարձակապես»»:

  • Կիսվել: