չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Կիևը պատերազմի ժամանակ դուրս կգա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից

Կիևը պատերազմի ժամանակ դուրս կգա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից

Ուկրաինան Եվրոպական խորհուրդ է ներկայացրել հայտ, որը վերաբերում է ռազմական դրության կապակցությամբ երկրում Մարդու իրավունքների և ազատությունների եվրոպական կոնվենցիայի առանձին կետերի մասնակի կասեցմանը։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

Ըստ հրապարակման՝ միջազգային կազմակերպության կողմից ապրիլի 28-ին հրապարակած փաստաթղթում պարզաբանվում է, որ հայտը ներկայացվել է դեռ ապրիլի 4-ին։

Հայտի համաձայն՝ Ուկրաինան պատերազմի ընթացքում կդադարի պահպանել Կոնվենցիայի այնպիսի դրույթներ, ինչպիսիք են բնակարանների անձեռնմխելիությունը (ընդհուպ մինչև մասնավոր կամ կոմունալ ունեցվածքի հարկադիր օտարումը պետության կարիքների համար), նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և այլ գրագրությունների գաղտնիությունը, անձնական և ընտանեկան կյանքին չմիջամտելը, տեղաշարժի ազատությունը և բնակության վայրի ազատ ընտրությունը, մտքի և խոսքի ազատության իրավունքը, կարծիքների և համոզմունքների ազատ արտահայտումը, ինչպես նաև տեղեկատվություն հավաքելու, պահելու և տարածելու իրավունքը, ժողովներ, հանրահավաքներ և գործադուլներ անցկացնելու իրավունքը, սեփականություն ունենալու, օգտագործելու և ունեցվածքը տնօրինելու իրավունքը։

Փաստաթղթում նաև թվարկված են կոնկրետ միջոցներ և գործողություններ, որոնք կարող են կիրառվել ռազմական դրության ժամանակ՝ խախտելով Կոնվենցիան։ Դրանք են մասնավոր կամ համայնքային սեփականության հարկադիր օտարումը պետության կարիքների համար, պարետային ժամի սահմանումը, երկիր մուտքի և ելքի հատուկ ռեժիմը, քաղաքացիների և օտարերկրացիների տեղաշարժի սահմանափակումը, երթևեկության սահմանափակումը, քաղաքացիների իրերի, տրանսպորտային միջոցների, ուղեբեռի, բեռների, գրասենյակային տարածքների և բնակարանների զննումը. զինվորական կամ հատուկ գրանցում ունեցող քաղաքացիներին առանց համապատասխան թույլտվության իրենց բնակության կամ ժամանման վայրը փոխելու արգելքը, ֆիզիկական և իրավաբանական անձանց համար զինվորական վճարների սահմանումը։

  • Կիսվել: