ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
 Զգուշացումները սկսված են. ինչպես են տուգանվելու չպատվաստված աշխատակիցներն ու գործատուները

Զգուշացումները սկսված են. ինչպես են տուգանվելու չպատվաստված աշխատակիցներն ու գործատուները

Պատվաստվելու կամ 14 օրը մեկ թեստավորվելու պահանջը խախտելու դեպքում նախատեսված է տուգանք` 10-ից 20 հազար դրամ՝ ֆիզիկական անձանց նկատմամբ, 40-ից 120 հազար դրամի չափով տուգանք՝ իրավաբանական անձանց նկատմամբ: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ տնտեսվարողներն այս թեմայի շուրջ զանգեր են ստանում եւ նախազգուշացվում, որ հոկտեմբերի 14-ից աշխատակիցները պետք է ունենան պատվաստման եւ ՊՇՌ թեստի հետազոտության սերտիֆիկատ, հակառակ դեպքում կտուգանվի գործատուն:

Ի դեպ, Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը ստուգայցեր է իրականացնելու, որոնք պլանավորվելու են մեկ օր առաջ, եւ առաջին հերթին ընտրվելու են ռիսկային կազմակերպությունները: Մանրամասներին տեղեկանալու համար «Ժողովուրդ» օրաթերթը զանգահարեց տեսչական մարմնի «Թեժ գիծ» ծառայություն, որտեղից մեզ փոխանցեցին, որ, ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.4 հոդվածի 3-րդ կետի, կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող սահմանափակումների խախտելը առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:

Ասել է թե՝ տեսուչի խղճին է մնում՝ առաջին ստուգայցի ժամանակ խախտում արձանագրելու դեպքում տնտեսվարողին տուգանել, թե նախազգուշացում տալ: Ըստ տեսչական մարմնի՝ ստուգայցեր իրականացնելու ժամանակ տեսուչները միայն չեն դիտարկելու աշխատողների պատվաստված կամ ՊՇՌ թեստի հետազոտության սերտիֆիկատների առկայությունը, այլեւ կազմակերպությունում Covid-19 անվտանգության կանոնների պահպանման, գրանցամատյանների վարման կարգը: Այնուամենայնիվ, տեղեկացնենք, որ այս որոշմանը չհետեւող աշխատակիցները չեն կարող աշխատանքի ներկայանալ, եւ նման պարագայում գործատուն իրավունք կունենա խզելու աշխատանքային պայմանագիրը, քանի որ գործատուի նկատմամբ կարող են տույժեր եւ տուգանքներ կիրառվել որոշմանը չհետեւելու համար: Իրենց հերթին իրավաբաննները խորհուրդ են տալիս գործատուներին չստիպել աշխատակցին պատվաստվել, առավել եւս՝ այդ հիմքով նրան հեռացնել աշխատանքից, ապա հուշում են, որ այդ տուգանքները նրանք կարող են բողոքարկել:

Մեկ նկատառում. Աշխատանքային օրենսգրքում չկա որեւէ կարգավորում, որեւիցե պահանջ, որի արդյունքում գործատուն կարող է աշխատողին ազատել աշխատանքից, եթե նա չի պատվաստվել կամ 14 օրը մեկ թեստ չի հանձնել: Հետաքրքիր է՝ այս խնդիրն ինչպես «կլուծի» Առողջապահության նախարարությունը: 

  • Կիսվել: