երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
«Զերծ մնալ անհարկի շահարկումներից». Ռոմանոս Պետրոսյանը` «Ծիրանի» ռեստորանի հետ կապ ունենալու քննարկումների մասին

«Զերծ մնալ անհարկի շահարկումներից». Ռոմանոս Պետրոսյանը` «Ծիրանի» ռեստորանի հետ կապ ունենալու քննարկումների մասին

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը հերքում է լուրերն այն մասին, թե ինքը կապ ունի Առինջ համայնքում գտնվող «Ծիրանի» ռեստորանային համալիրի հետ:

«Ի պատասխան լրատվամիջոցներով տարածվող «Ռոմանոս Պետրոսյանը շուտով կդառնա Առինջում գտնվող «Ծիրանի» ռեստորանային համալիրի սեփականատերը» վերտառությամբ գրառման և հետագա անհարկի շահարկումներին վերջ տալու նպատակով՝ հարկ եմ համարում պարզաբանել հետևյալը՝ հրապարակված տեղեկատվությունն այն մասին, թե իբր ես և իմ ընտանիքն առնչություն ունենք Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող «Ծիրանի» ռեստորանային համալիրի հետ, չի համապատասխանում իրականությանը և զրպարտություն է։
 
Ի հավելումն, հարկ եմ համարում առանձնահատուկ շեշտել, որ ես որևէ ոլորտում չեմ տնտեսվարում և այդպիսի գործունեություն ծավալելու մտադրություններ չունեմ։
 
Պետական վերահսկողության ոլորտում բարեփոխումների մեկնարկի և օրինականության վերականգնման այս կարևոր փուլում սա որոշ շրջանակների կողմից կանխամտածված շրջանառության մեջ դրվող տեղեկատվություն է, որը նպատակ ունի հանրության շրջանում թյուրընկալումներ առաջացնել։
 
Ըստ այդմ, ԶԼՄ հարգելի գործընկերներին հորդորում եմ չտարածել իրականության հետ որևէ աղերս չունեցող, չճշտված տեղեկատվություն և զերծ մնալ անհարկի շահարկումներից», - հայտարարել է Պետրոսյանը:

  • Կիսվել: