Զբոսաշրջության կոմիտեն անցկացրեց տոնական արշավ, որին միացավ Ավինյանը
Նոր տարվան ընդառաջ ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեն Երևան այցելած զբոսաշրջիկներին, նաև քաղաքացիներին իր մաղթանքները հղեց՝ հետաքրքիր արշավով: Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի շրջակայքում երկու ուղղաթիռներ վերևից փուչիկներով բարեմաղթանքներ ուղարկեցին, իսկ կազմակերպիչներն անցորդներին հյուրասիրեցին հայկական տաք գինի:
Ինչպես նշեց ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսանն Սաֆարյանը՝ նպատակը պարզապես տարեվերջին իրենց բարեմաղթանքը բոլորին հղելն է՝ թե՛ ՀՀ հյուրերին, թե՛ քաղաքացիներին: «Ճանաչողության բարձրացման բաղադրիչ չունի, սա ուղղակի ամանորյա բարի արշավ է»,-նշեց նա:
Սուսաննա Սաֆարյանը նշեց, որ այս տարի տոներին ակնկալում են զբոսաշրջիկների հոսքի աճ, քանի որ բավականին մեծ իրազեկվածության արշավ են իրականացրել Վրաստանում և Ռուսաստանում: Նա ասաց. «Ամանորյա տոները լինելու են ավելի բովանդակալից, հետևաբար դա կազդի թվային ցուցանիշների վրա: Ամանորյա միջոցառումների շրջանակում գրեթե ամեն երեկո տեղի են ունենալու համերգներ»:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ևս միացավ արշավին: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ կարծում է, որ իրազեկման մեծ աշխատանք է տարվել, և միանշանակ նախատոնական և տոնական օրերին զբոսաշրջային մեծ ներհոսք է ակնկալում: Անդրադառնալով հնչող այն քննադատություններին, թե Երևանի քաղաքապետարանը քաղաքի զարդարանքների համար մեծ գումար է հատկացրել՝ Ավինյանն ասաց. «Յուրաքանչյուր ծախս իր արդյունավետությունն ապացուցում է ժամանակի ընթացքում։ Ես կարծում եմ, որ նմանատիպ դրական մթնոլորտ Հանրապետության հրապարակում դեռևս չենք ունեցել: Նույն քննադատությունը մենք լսում էինք WCIT-ի մեծ համերգի կազմակերպման ժամանակ, սակայն իրապես շատ բարձր մակարդակի միջոցառում էր ստացվել»։