հինգշաբթի, հունիս 12
12 / 6 / 2025
Վթարի է ենթարկվել շտապօգնության ավտոմեքենան. վարորդն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոց

Վթարի է ենթարկվել շտապօգնության ավտոմեքենան. վարորդն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ հունիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 02:15-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 53-ամյա Մկրտիչ Զ.-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 41 կմ հատվածում՝ դեպի Մարտունի ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մկրտիչ Զ.-ն և ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 26-ամյա Անուշ Զ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:  Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել «Գավառ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները:  Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնութունն են ցուցաբերել: 

 Դեպքի վայր են ժամանել ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի, դասակի հրամանատար Գրիգոր Ալեքսանյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հովիկ Ասատրյանն ու Խորեն Հովհաննսիյանը: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գավառի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:  Վթարի մասին ոստիկանության Գավառի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Լուսինե Մանուկյանի գլխավորությամբ: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:  Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Toyota»-ն հաշվառված է Մարտունու շտապօգնության հաշվեկշռում և վիրավորներից մեկն էլ բուժքույրն է, ում Գավառի հիվանդանոցից տեղափոխել են Մարտունու բժշկական կենտրոն, իսկ վարորդին Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը:  Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

  • Կիսվել: