Վիրավորների թիվ չեմ կարող հրապարակել, դա ՊՆ-ի լիազարությունների շրջանակում է. Ավանեսյան
Վիրավորների թիվ ես չեմ կարող հրապարակել, դա Պաշտպանության նախարարության լիազարությունների շրջանակում է։ Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա նաև հրաժարվեց տեղեկատվություն տրամադրել չճանաչված մարմինների մասին։
Նա նշեց, որ բոլոր զինծառայողները և քաղացիական անձինք, որոնք վիրավորում են ստացել, ստանում են համապատասխան բուժօգնություն թե՛ մարզային, թե՛ քաղաքային բժշկական կենտրոններում, և զինվորական հոսպիտալներում։ Ձևավորված է հստակ մեխանիզմ թե՛ շտապօգնության մեքենաների, թե՛ բժշկական կազմակերպությունների աշխատանքի հստակ գծագրությամբ՝ ինչպես է արվում տիրաժը։
՛՛Վիրավորների ընդհանուր թվի, և ընդհանրապես այդ կարգի տվյալների տրամադրումը պաշտպանության նախարարության լիազորությունների շրջանակում է։ Առողջապահության նախարարությունը ժամանակ առ ժամանակ հրապարակում է քաղացիական անձանց վիրավորվածների թիվը, և այսօր մենք ունենք ընդհանուր առմամբ 6 վիրավոր քաղացիական անձ, որոնցից 4–ը ստանում են ստացիոնար բուժում։ Մեկի վիճակը, ցավոք սրտի ծանր է, բժիշկներն ամեն ինչ անում են, պայքարում են նրա կյանքը փրկելու և առողջությունը վերականգնելու համար։ Երկու քաղաքացի ստացել են ամբուլատոր բուժօգնութուն և դուրս են գրվել՛՛,-նշեց նախարարը:
Նա նաեւ նշեց, որ Հայաստանի Հանրապետության կողմից հենց առաջին պահից խիստ դատապարտվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից բժիշկների թիրախավորումը և հարցը ներկայացվել է միջազգային ատյաններին։
՛՛Սա բոլոր միջազգային, հումանիտար օրենքների կոպտագույն խախտում է, երբ թիրախավորվում են բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպությունները կամ շտապօգնության կայանները։ Մենք համապատասխան փաստական հանգամանքները ներկայացրել ենք և հետևողական ենք լինելու և՛ մենք, և՛ մյուս ատյանները, որպեսզի այս մարդատյաց գործողության պատիժը հնարավորինս խիստ լինի՛՛,-ասաց նա։
Նախարարը տեղեկացրեց, որ շտապօգնության մեքենայի թիրախավորման ժամանակ բժիշկները հասցրել են լքել մեքենան, և տուժած անձ չկա։
՛՛Մենք դա տեսել ենք դեռ 44–օրյա պատերազմի ժամանակ, որևէ մարդասիրական կանոն, որևէ միջազգային սկզբունք Ադրբեջանի կողմից չի պահպանվում։ Մենք դա խստորեն դատապարտում ենք և ակնկալում ենք նաև միջազգային կազմակերպությունների խիստ դատապարտումը այս առումով՛՛,-ասաց Ավանեսյանը: