Վերելակ վերանորոգողները կրկին բողոքի ակցիա են անում
Այսօր վերելակ վերանորոգողները կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում՝ ասելով, որ իրենց աշխատավարձը քաղաքապետարանը չի փոխանցել:
Նշենք, որ դեռ սեպտեմբերի մեկին նրանք հանդես էին եկել միևնույն բողոքով և այն ժամանակ հանդիպել էին փոխքաղաքապետ Սերգեյ Ներսիսյանի հետ։
Այդ ժամանակ, ինչպես ասաց ակցիայի մասնակիցներից մեկը, իրենք պահանջել են 200 մլն դրամ աշխատավարձերի գումարը, որ շարունակեն աշխատել: Նա ասաց. ՛՛Փոխքաղաքապետը մինչև ընտրվելն ասում էր՝ եկեք մի ժամ շուտ փողը փոխանցենք, հիմա էլ ընտրվել է փոխքաղաքապետ, ասում է, որ նման բան չի ասել՛՛:
Ակցիայի մասնակցի խոսքով՝ քաղաքապետարանը չի վճարում աշխատավարձերը՝ պատճառաբանելով, որ նախ բարձրահարկերը պետք է վերանորոգեին, հետո՝ ցածրահարկերը.« Ասեիք՝ սկզբից 16 հարկերն անեինք»։
Երևանի՝ 500 հին վերելակները նորերով փոխելու՝ քաղաքապետարանի հայտարարած մրցույթում հաղթած «Ռաֆէլգրիգ» ընկերության ղեկավարը, ըստ բողոքի ակցիայի մասնակիցների, քաղաքապետարանում հանդիպման ժամանակ ասել է, որ եթե ինքը պայմանագրից շեղվել է, թող իրեն տուգանեն 100 մլն-ի չափով, իսկ մնացած գումարով տան աշխատավարձերը, փոխարենը՝ փոխքաղաքապետն ասել է, թե չի ցանկանում տուգանել:
Նրանցից մեկն էլ նշեց, որ արդեն 300 հոգի ավանսի կարգով ստացել է որոշակի գումար, սակայն ամբողջական գումարը ոչ ոքի դեռ չի փոխանցվել։


