Վերանայվել են գյուղմթերման նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի պայմանները
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր 2019թ. փետրվարի 28-ի N 201-Լ որոշման մեջ՝ պայմանավորված Ուկրաինայի շուրջ ծավալված ռազմական գործողությունների հետևանքներին և արժույթի շուկայում ստեղծված իրավիճակին համապատասխան գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի պայմանները վերանայելու անհրաժեշտությամբ:
Էկոնոմիկայի նախարարը, մանրամասներ ներկայացնելով, նշել է, որ Ուկրաինայի շուրջ ծավալված ռազմական գործողությունների և ՌԴ ռուբլու արժեքազրկման պատճառով Հայաստանից ապրանքների արտահանման և արտահանված ապրանքների դիմաց վճարումների ստացման հետ կապված խնդիրները դժվարություններ են առաջացրել նախկինում ներգրավված վարկերի սպասարկման հարցում, և անհրաժեշտություն է առաջացել Ծրագրի շրջանակում նախկինում տրամադրված վարկերի համար սահմանված արտոնյալ և մայր գումարի մարման ժամկետները։ Որոշմամբ շահառուներին հնարավորություն կտրվի փոփոխված մարման ժամանակացույցով սպասարկելու 2020-2021թթ. ներգրավված վարկերը։ Գրավի ապահովման միջոցի անբավարարության դեպքում տրամադրվող բյուջետային երաշխիքների շնորհիվ շահառուները կարողանան շարունակել օգտվել Ծրագրից և հնարավորություն կունենան կազմակերպելու ընթացիկ տարվա գյուղատնտեսական հումքի մթերումների գործընթացը։ Վ. Քերոբյանը հավելել է, որ այս տարի որոշումը կայացվում է նախօրոք՝ ի տարբերություն նախորդ տարվա, ինչը կբարձրացնի գործընթացի արդյունավետությունը և կխթանի գյուղմթերքի մթերման և արտահանման ծավալի ավելացումը: Նրա խոսքով՝ 2021թ. 5.4 մլրդ դրամի պետական երաշխիք է տրվել 9 ընկերության, ակնկալվում է, որ այս տարի այդ թիվն ավելի մեծ կլինի:
Վարչապետ Փաշինյանը որոշման առնչությամբ ասել է հետևյալը. «Մենք, ըստ էության, մթերող ընկերություններին ասում ենք գյուղացիների հետ կնքեք պայմանագիր՝ խաղողի համար՝ մինչև հուլիսի 1-ը, բանջարաբոստանային մյուս կուլտուրաների և մրգերի համար՝ մինչև հունիսի 1-ը: Սա նշանակում է, որ մթերողները որոշակի մրցակցություն պիտի ցուցաբերեն, և գյուղացին հնարավորություն ունի՝ եթե մի մթերող իրեն առաջարկում է իքս գնով, և իրեն ձեռնտու չէ այդ գինը, ինքը կարող է փորձել այլ մթերողի հետ ավելի լավ գին պայմանավորվել: Եվ, հետևաբար, երբ պայմանագիրը կնքված է, գյուղացու համար կանխատեսելի է՝ ինքը երբ, ում, ինչքան գյուղմթերք պետք է մատակարարի և դրա դիմաց ինչ պետք է ստանա:
Այստեղ շատ կարևոր է, որ մենք, այո, պետական երաշխիքի որոշակի հատված ենք մտցնում՝ որոշակի չափանիշներով: Ի՞նչ է սա տալիս ընկերություններին. շատ ընկերություններ, որոնք դրամաշրջանառություն ունեն, իրենց պոտենցիալ՝ գրավադրելու գույքն արդեն ամբողջությամբ գրավադրել են, և բանկերում որևէ նոր բան չունեն գրավադրելու, որպեսզի նոր միջոցներ ներգրավեն և ավելի մեծ ծավալով մթերումներ իրականացնեն: Դրա համար այս 50 տոկոս պետական երաշխիքը նոր՝ առանց գրավի վարկ ստանալու հնարավորություն է և եթե տարին վիզուալ խոստանում է նաև գյուղատնտեսական առումով բարենպաստ լինել, եթե մեր հարգարժան և սիրելի գյուղացիները առավելագույնն անեն ջրախնայողության ռեժիմը պահելու համար, այսինքն՝ ջուրն օգտագործեն առավելագույնս արդյունավետ, մենք կունենանք լավ գյուղատնտեսական տարի: Մենք հիմա այս միջոցները ձեռնարկում ենք, որպեսզի վերջին պահին կամ վերջին օրերին, վերջին շաբաթներին ստիպված չլինենք արագ ինչ- որ օպերատիվ որոշումներ կայացնել, այլ որոշակի ինստիտուցիոնալ հենքի վրա դնենք այդ հարաբերությունները»:
Կառավարության ղեկավարը նաև ուշադրություն է հրավիրել վերահսկողական գործիքակազմի ուժեղացման անհրաժեշտության վրա՝ նկատի ունենալով պետական երաշխիքի տրամադրման հանգամանքը: «Ակնկալում ենք, որ այդ ընկերությունները պատշաճ ձևով կսպասարկեն վարկերը, և աջակցությունը պատշաճ նպատակին ծառայի: Ցանկանում եմ հիշեցնել, որ մենք այսպիսի կոմպոնենտ ունենք՝ երբ վարկն սկսում է մարվել, առաջինը նախ պետական երաշխիքի կոմպոնենտը պետք է մարվի, հետո արդեն բանկի և ընկերության հարաբերությունները ընթացքավորվեն: Սա այս որոշման ևս շատ կարևոր առանձնահատկություն է, որը պետք է իմանալ», – շեշտել է վարչապետը: