չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Վեցօրյա դասեր, դիմակով աշակերտներ և ուսանողներ. ԿԳՄՍ նախարարը մանրամասներ է հայտնում (տեսանյութ)

Վեցօրյա դասեր, դիմակով աշակերտներ և ուսանողներ. ԿԳՄՍ նախարարը մանրամասներ է հայտնում (տեսանյութ)

Ուսանողներն ու աշակերտները դասի կնստեն դիմակներով, ախտահանիչ միջոցները կապահովեն դպրոցները։ Այս մասին այսօր Ազատության հետ զրույցում ասաց ԿԳՄՍՆ Արայիկ Հարությունյանը:

Նա նշեց, որ հնգօրյայի փոխարեն դասերը կլինեն վեցօրյա, որպեսզի հնարավոր լինի դասաժամերը կրճատել։ Դասերը կանցկացվեն առավելագույնը 20 աշակերտով, մյուսները ծրագրից հետ չեն մնա. երկրորդ հերթով դասի կգան։

Հիշեցնենք, որ ուսումնական հաստատությունները կբացվեն սեպտեմբերի 15-ից:

Նախարարն ասաց, որ բուֆետները չեն գործի: Ուսուցիչները լրացուցիչ աշխատանքներ չեն ունենա։ Ֆիզկուլտուրայի ու երգեցողության դասերի միայն տեսական մասը կկազմակերպվի, երգի ժամին չեն երգի, ֆիզկուլտուրայի ժամին չեն վազի կամ չեն թռչկոտի, որպեսզի կորոնավիրուսի տարածման վտանգ չլինի։

Հարությունյանի խոսքով՝ սովորողների 20 հոգանոց խմբերի անցնելու համար, եթե դասասենյակների խնդիր առաջանա, անհրաժեշտության դեպքում դասերը կկազմակերպվեն նաև նախասրահներում և ֆիզկուլտուրայի դահլիճներում այնքան, որքան եղանակը թույլ կտա:

Նախարարը խոսեց նաև այն հարցի շուրջ, թե դասարաններում կորոնավիրուսի գրանցման դեպքում դասերն ինչ հետագա ընթացք կունենան: Այս առնչությամբ Հարությունյանը պատասխանեց. ՛՛Ըստ իրավիճակի պետք է հասկանանք` նախ համադասարանցիների շրջանում ամենայն հավանականությամբ ամբողջական թեստավորում կիրականացվի, և եթե դասարանում այդպես տարածում չկա, ապա դասերը չեն կասեցվի տվյալ դասարանում: Եթե մենք տեսնենք, որ տարածում կա այդ թեստավորման արդյունքում, ապա տվյալ դասարանում դասերը կդադարեցվեն՛՛:

Մանրամասները՝ տեսանյութում.

 

  • Կիսվել: