Վարդենիսի ՔՊ-ական նախկին համայնքապետը նկարվել է դավաճանության մեջ մեղադրվողի հետ. նա պարզաբանեց
Մենք հայտնեցինք ժողովրդի կարծիքը, դեմ քվեարկեցինք և դուրս եկանք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վարդենիսի արդեն նախկին համայնքապետ Արամ Մելքոնյանը։
«Մենք մեր ընտրողներին չենք անարգել, եթե անարգեինք, ներկա չէինք գտվի այս քվեարկությանը, ներկա գտնվեցինք այս քեարկությանը և հայտնեցինք ժողովրդի կարծիքը»,– ասաց Մելքոնյանը։
Նա նշեց, որ ավագանու իրենց 13 անդամների հետ շարունակելու են Վարդենսում իրենց աշխատանքները։
Հարցին՝ հարցաքննության կանչվե՞լ է ԱԱԾ քննչական դեպարտամենտից՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող անձի հետ լուսանկար հրապարակելու հետ կապված, Մելքոնյանը պատասխանեց․
«Եկեք անձնական դաշտ չմտնենք, դա մի քիչ անձնական դաշտից է, ինձ որտեղից են կանչել և որտեղից չեն կանչել, դրանց արդյունքները կհրապարակվեն, որի մասին դուք կտեղեկանաք։ Վերջին երեք տարում Վարդենիսի դիրքերում եղել եմ հազարավոր մարդկանց կողքին, ունեմ նկարներ հազարավոր մարդականց հետ և ասեմ, որ յուրաքանչյուրին հարգել եմ որպես սպա, որպես երկրի պաշտպան։ Մեր արածի գնահատականը թող ժողովուրդը տա»,– ասաց Արամ Մելքոնյանը։
Նշենք, որ այսօր Վարդենիս խոշորացված համայնքի ավագանին 14 կողմ 13 դեմ ձայներով համայնքապետ է ընտրել Ահարոն Խաչատրյանին, որի թեկնածությունը պաշտպանում էին «Ահարոն Խաչատրյան» և «Միսնական Վարդենիս» խմբակցությունները: ՔՊ-ն, որն ուներ 13 մանդատ, դեմ քվեարկեց նրա թեկնածությանը: Ընդ որում, ՔՊ-ն թեկնածու չառաջադրեց և խմբակցության 13 անդամները լքեցին ավագանու նիստը։