շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Վահրամաբերդի դպրոցի դասասենյակի անվանակոչումը չեղարկվել է. ԿԳՄՍ փոխնախարար

Վահրամաբերդի դպրոցի դասասենյակի անվանակոչումը չեղարկվել է. ԿԳՄՍ փոխնախարար

Վահրամաբերդի դպրոցի հետ կապված՝ պոստ ֆակտում տեղեկանալուց հետո մանկավարժական խորհրդի որոշման մասին, իրենց հիշեցրել ենք գործող կարգը դպրոցների անվանակոչության մասին, և նույն մանկավարժական խորհրդի նոյեմբերի 26-ի որոշմամբ չեղարկվել է այդ անվանակոչումը: Ինչպես հանձնարարել էիք, մենք կլրացնենք նախարարի 2021 թվականի հրամանը, որպեսզի ավելի հստակեցնենք դահլիճների և սրահների մասին անվանակոչությունները: Այդ մասին ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կառավարության նիստում հնչեցրած միջադեպին։

«Շատ ավելի լավ, որ արագ գործել եք, և ամեն ինչ ընկել է իր տեղը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն էլ, որին վարչապետը դեպքի հետ կապված խիստ նկատողություն էր հայտարարել, ասաց. «Ամբողջությամբ ընդունում եմ Ձեր դիտողությունը և նկատողությունը և միաժամանակ ուզում եմ տեղեկացնել, որ միջոցառումը եղել է շաբաթ օրը. անվանակոչումը եղել է գյուղի բնակիչների պահանջով, ծնողխորհուրդ, մանկավարժական խորհուրդ և տնօրինություն»:

Նա նշեց, որ իր հորդորով անվանակոչումը չեղարկվել է, և բոլոր արձանագրություններն ուղարկվել են ԿԳՄՍՆ:

«Բոլորս գիտենք՝ այդ որոշումները ոնց են կայացվում: էլի եմ ասում՝ ես մի օր կգնամ Վահրամաբերդ, տեսնեմ՝ ինչ վիճակ եք ստեղծել Վահրամաբերդում, որ բնակիչները էլ ոչ պրոբլեմ, ոչ դարդ ունեն, ոչ ցավ ունեն, իրենց միակ խնդիրը դասարանն անվանակոչելն է: Դա միակ բանն է, որ մեզ պակասում է երջանիկ լինելու համար»,- ասաց վարչապետը:

  • Կիսվել: