Վ. Կիկաբիձեի թողած ժառանգությունը հավերժ կմնա մշակույթի պատմության մեջ, որը յուրովի խորհրդանշում է նաև հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունը. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ մեծանուն երգիչ, և դերասան Վախթանգ Կիկաբիձեի մահվան կապակցությամբ:
Հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Ձերդ գերազանցություն,
Խոր ցավով տեղեկացա Վախթանգ Կիկաբիձեի մահվան մասին:
Իմ ցավակցությունն եմ հայտնում Վ. Կիկաբիձեի ընտանիքին, հարազատներին և բարեկամ վրաց ժողովրդին:
Վ. Կիկաբիձեի թողած ժառանգությունը հավերժ կմնա մշակույթի պատմության մեջ, որը յուրովի խորհրդանշում է նաև հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունը»:
Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Վրաստանում 84 տարեկան հասակում մահացել է վրացի հայտնի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վախթանգ Կիկաբիձեն:
Նրա պրոդյուսեր Ռատի Աբզիանիձեն հայտնել է, որ արտիստի մահվան պատճառ են դարձել առողջական խնդիրները։