Ուկրաինան կմտցնի իր տարածք մուտք գործելու սահմանափակումներ. ՀՀ դեսպանություն
Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է քաղվածք՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունից ստացված պաշտոնական փաստաթղթից, որտեղ նշված է, որ 2020 թվականի մարտի 13-ին Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության խորհուրդը որոշում է կայացրել մտցնելու Ուկրաինայի տարածք մուտք գործելու ժամանակավոր սահմանափակումներ՝ COVID-19 կորոնավիրուսի պատճառած սուր շնչառական հիվանդության տարածման կանխարգելման նպատակով
Քաղվածքում նշված է. «Սկսյալ 2020 թվականի մարտի 16-ի՝ Կիևի ժամանակով 00 ժամ 01 րոպեից երկու շաբաթ ժամկետով Ուկրաինայի պետական սահմանով չի իրականացվելու օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մուտքն Ուկրաինայի տարածք, այդ թվում տարանցիկ երթևեկության ռեժիմով։
Նշյալ սահմանափակումը չի կիրառվելու հետևյալ կատեգորիաների օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ.
- Ուկրաինայում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների աշխատակիցներ, ինչպես նաև ընտանիքների անդամներ,
- Ուկրաինայում մշտական կամ ժամանակավոր բնակության իրավունքի փաստաթուղթ ունեցող անձինք»:
Դեսպանությունից նշել են նաև, որ վերը բերված տեղեկատվությունը բազմաթիվ բաց հարցեր է թողնում, և Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը փորձում է պարզել դրան և հանրության ուշադրությանը կներկայացնի հնարավոր սեղմ ժամկետում։
«Մասնավորապես, պարզ չէ, թե արդյո՞ք Երևանի ուղղությունը սպասարկող ավիաընկերությունները (MAУ, SkyUp) մարտի 16-ից կամ 17-ից դադարեցնելու են թռիչքները, թե ոչ, քանի որ նախագահ Վ․Զելենսկին իր 13․03․2020թ․ երեկոյան ելույթում նշել է, թե "երեք օրից փակվում են կանոնավոր թռիչքները", իսկ "Ուկրաինական ավիաուղիներ"-ն առայժմ չեն կարող պատասխանել այդ հարցին»,-տեղեկացնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը:


