շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
«Տվյալները եղել են ծայրահեղ մտահոգիչ». «Մուրացան» հիվանդանոցի պարզաբանումը՝ 1,5 տարեկան երեխայի մահվան դեպքի մասին

«Տվյալները եղել են ծայրահեղ մտահոգիչ». «Մուրացան» հիվանդանոցի պարզաբանումը՝ 1,5 տարեկան երեխայի մահվան դեպքի մասին

«Մուրացան» հիվանդանոցային համալիրը պարզաբանում է տարածել՝ կախված 1,5 տարեկան երեխայի մահվան դեպքի հետ։

Պարզաբանման մեջ ասվում է. «Մայիսի 28–ին, «Մուրացան» հիվանդանոցային համալիրի Անհետաձգելի բուժօգնության ծառայություն է դիմել պացիենտ ծնված 27.11.2023թ.,՝ հիպովոլեմիկ շոկ ախտորոշմամբ՝ ծայրահեղ ծանր վիճակում:

Ընդունվելիս ունեցել է փսխումներ, թուլություն, միկրոցիրկուլացիայի խանգարման նշաններ: Կատարվել են լաբորատոր հետազոտություններ, որոնց տվյալները ևս եղել են ծայրահեղ մտահոգիչ։

Նշենք, որ հիվանդանոց դիմելուց շուրջ 45 րոպե հետո գրանցվել է սրտի կանգ, համապատասխան միջոցառումներ են արվել և վերականգնվել է սրտի աշխատանքը։

Հաշվի առնելով երեխայի ծայրահեղ ծանր վիճակը տեղափոխվել է բուժհաստատության Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկա։

Նշենք, որ 28.05.2025 թվականին, երբ դիմել է բժշկական հաստատություն, ըստ մոր պատմածի՝ երեխան 20 օր առաջ ունեցել է բարձր ջերմություն, 5 օր բուժվել է ամբուլատոր պայմաններում, որից հետո՝ դեպքից 2 օր առաջ, երեխան ունեցել է փսխումներ, եղել է անհանգիստ, ունեցել է ընդհանուր թուլություն և մայրը, երթուղային տաքսիով, տեղափոխել է «Մուրացան» հիվանդանոցային համալիր:

 

Փաստենք նաև, որ դեռ 2024 թվականի մայիսին երեխան ընդունվել է «Մուրացան» հիվանդանոց, այնտեղ գտնվել է 7 օր՝ 3-ը Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայում, 4 օրը Նորածնային պաթոլոգիայի և վաղ մանկական հասակի մանկաբուժական բաժանմունքում։

 

Այնուհետև դուրս է գրվել վիճակի կայունությամբ՝ տեղամասային բժշկի հսկողության ցուցումով։

Պացիենտը 2025 թվականին մայիսի 6-ին՝ Վեդու բժշկական կենտրոնից ուղեգրմամբ եկել է «Մուրացան» հիվանդանոց՝ ռենտգեն հետազոտության և մանկաբույժի խորհրդատվության, հետազոտությունը արվել է և ախտորոշվել է սուր բրոնխիտ, օպստրուկտիվ համախտանիշ և նշանակվել է համապատասխան բուժում։

«Մուրացան» հիվանդանոցային համալիրում երեխայի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, որտեղ, հաշվի առնելով երեխայի ծայրահեղ ծանր վիճակը կատարվել են համապատասխան վերակենդանացման միջոցառումներ, երեխան ստացել է միայն անհրաժեշտ և ցուցված դեղորայքային միջամտություն և միացվել ապարատին:

Ընթացքում երեխայի մոտ գրանցվել է սրտի կանգ, սակայն վերականգնվել է մերսման ընթացքում: Այնուհետև ժամը 23:10-ի սահմաններում երեխայի մոտ նորից դիտվել է սրտի կանգ, կատարվել են վերակենդանացման միջոցառումներ, սակայն, ցավոք, անարդյունք և ժամը 23:50-ին գրանցվել է երեխայի կենսաբանական մահը:

Հիվանդանոցի բուժանձնակազմը խորապես ցավակցում է ընտանիքին երեխայի մահվան կապակցությամբ»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վեդի քաղաքից մեկ օր առաջ մայրը տաքսիով սրտխառնոց ունեցող մեկ ու կես տարեկան որդուն՝ Արթուրին տեղափոխել է «Մուրացան» մանկական հիվանդանոց։ Ժամեր անց մորը հայտնել են, որ երեխան մահացել է։ Երեխայի հայրը գտնվում է Ռուսաստանում, նրան արդեն հայտնել են ողբերգության մասին։

Հարազատները նշել են, որ մինչ այդ երեխան առողջ, առույգ է եղել, որևէ խնդիր չի ունեցել, հիվանդանոց տեղափոխելիս էլ ու դրանից հետո գիտակցություն է ունեցել։ Նրանք մեղադրում են բժշկին, որը միանգամից չորս ներարկում է կատարել երեխային, ինչի հետևանքով երեխայի մոտ սրտի կանգ է գրանցվել։

Հիվանդանոց են ժամանել ու փաստաթղթեր կազմել իրավապահները, դրանք հանձնվել են ՔԿ։ Հարազատներըպահանջում են արդար քննություն ու խիստպատիժ։

  • Կիսվել: