երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ծովասարի մանկապարտեզի շենքի շինարարությունը կավարտվի այս տարվա ընթացքում

Ծովասարի մանկապարտեզի շենքի շինարարությունը կավարտվի այս տարվա ընթացքում

Գեղարքունիքի մարզի Ծովասար համայնքում այս տարվա ընթացքում եւս շարունակվել են մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքները, որոնք մեկնարկել էին 2019 թվականից, ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, Ծովասարի մանկապարտեզի կառուցման պայմանագրային արժեքը կազմել է 202 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ծովասարի համայնքապետարանը։

«Շինարարության մեծ մասն իրականացվել է 2019 եւ 2020 թվականների ընթացքում։ Այս տարի նախատեսված էր իրականացնել մնացած մասը՝ շուրջ 75 միլիոն դրամի չափով, որտեղ մեր համայնքի ներդրումը կազմում է 33 միլիոն, ՀՀ կառավարության ներդրումը՝ 42 միլիոն դրամ։ Օգոստոսի 18-ի դրությամբ մնացել է ավարտի հասցնել ներքին հարդարման եւ բակի բարեկարգման աշխատանքները։

Ամենայն հավանականությամբ, մանկապարտեզը կարող է իր դռները մեր փոքրիկների առջեւ բացել այս տարվա ընթացքում։ Այն զբաղեցնում է մոտ 800 քառակուսի մետր մակերես՝ 100 տեղով։ Ծովասարի պատմության մեջ առաջին անգամ է գործելու մանկապարտեզը, ինչին տասնամյակներով են սպասել մեր համայնքի բնակիչները»,-նշեց Ծովասար համայնքի ղեկավար Արտաշես Մխիթարյանը։

  • Կիսվել: