Տրանսպորտային համակարգից օգտվող քաղաքացիների որոշ խմբեր կօգտվեն զեղչերից. արտոնությունների փաթեթը կներկայացվի ավագանու քննարկմանը
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ մտած գործընթացը հանրային տրանսպորտի համալիր բարեփոխման ու միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրման բաղադրիչ է: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ եթե հոկտեմբերի 25-27-ը ներառյալ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից գանձվել է 62 մլն 370 հազար 100 դրամ, ապա նոյեմբերի 1-ից 3-ը ներառյալ այդ ցուցանիշը կազմել է 72 մլն 528 հազար 400 դրամ:
Ի դեպ, եթե հոկտեմբերի 31-ին վալիդատորների միջոցով (բջջային հավելված QR, թղթային QR) վճարում է իրականացրել 19 հազար 709 քաղաքացի, ապա նոյեմբերի 1-ին՝ 52 հազար 153 քաղաքացի:
Ներկրված նոր՝ 171 ավտոբուսը վարելու համար «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք և երկու տարվա աշխատանքային ստաժ ունեցող 342 վարորդներ: Աշխատավարձը 420 հազար դրամ է՝ 14-օրյա գրաֆիկով, խոսքը 8.5մ ավտոբուսների վարորդներին է վերաբերում, իսկ մեծ ավտոբուսների վարորդների պարագայում վարձատրությունը կլինի 500 հազար դրամ: