երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Թիմային աշխատանք եւ նվիրվածություն` սա է Վարդենիսի ԲԿ-ի վերջին տարիների գրանցված հաջողության գրավականը ըստ ԲԿ-ի տնօրենի ժպ Շահեն Շահինյանի

Թիմային աշխատանք եւ նվիրվածություն` սա է Վարդենիսի ԲԿ-ի վերջին տարիների գրանցված հաջողության գրավականը ըստ ԲԿ-ի տնօրենի ժպ Շահեն Շահինյանի

Թիմային աշխատանք եւ նվիրվածություն` սա է Վարդենիսի ԲԿ-ի տնօրենի ժպ Շահեն Շահինյանի հաջողության գրավականը համայնքային բկ-ի կառավարման գործում: Հարցազրույցից դուրս Շահինյանի պատմածները աշխատանքի նկատմամբ նրա նվիրվածության հարցում իրապես կասկածների տեղիք չեն տալիս: Հիվանդանոցի կառավարումը ստանձնելիս, ինչպես վկայեցին նաև նրա կոլեգաները, բկ-ում բժիշկների սակավության պատճառով Շահինյանը հաճախ ստիպված է եղել միայնակ կատարել մի քանի բժշկի պարտականություն, օրերով մնալ բկ-ում հերթապահության, քանզի հիվանդանոցը գտնվում էր ծանր ֆինանսական դրության մեջ: Սակայն աշխատանքին նվիրվածության և համառության շնորհիվ խնդիրները կամաց-կամաց տեղի տվեցին, և հիվանդանոցը սկսեց իր զարգացման ուղին:

2019 թվականից ստանձնել եմ Վարդենիսի բկ-ի տնօրենի ժպ-ի պաշտոնը, մինչ այդ՝ 2013թվականից աշխատել եմ նույն բկ-ում, որպես մանկաբարձ-գինեկոլոգ, ու կարող եմ վստահորեն փաստել, որ մինչ այդ մարզային բկ-ները գտնվել են ծայրաստիճան վատ վիճակում թե դիագնոստիկ, թե կադրային առումով։ Ունեինք բազում չլուծված խնդիրներ, որոնք միայն 2018 թվականից սկսեցինք կամաց-կամաց հաղթահարվել՝ պետության եւ բարեգործական կազմակերպությունների շնորհիվ։ Օրինակ, եթե մինչեւ 2018 թվականը Վարդենիսի հիվանդանոցում տարեկան կատարվում էր վաթսուն վիրահատություն՝ առավելագույնը 90, ապա 2019 թվականից սկսած այդ ցուցանիշը կրկնակի աճեց։ Որպես խոսքերիս ապացույց բերեմ հետևյալ վիճակագրությունը` հիվանդանոցի տնօրենի ժպ-ի պաշտոնը ստանձնել եմ 6 միլիոն պարտքով, առանց նեղ մասնագետների, բայց այս ընթացքում այդ խնդիրների մի մասը  հաղթահարվել են, մյուսներն էլ լուծման ճանապարհին են:

 -Պարոն Շահինյան, Դուք նշեցիք, որ բկ-ում առկա խնդիրները լուծվել են ոչ միայն պետության հոգածության, այլև բարեգործական կազմակերպությունների շնորհիվ... Դրանք ի՞նչ կազմակերպություններ են, ինչպե՞ս եք որոշել դիմել դրանց։

-Պաշտոնը ստանձնելուս առաջին իսկ օրվանից դիմել եմ անխտիր բոլոր կազմակերպություններին, ով ընդառաջում էր՝ ընդառաջում էր։ 2019թ․ եղավ առաջին ստարտը՝ արեւային կայանի ներդրմամբ: Դրանից հետո՝ AMCOR կազմակերպության միջոցներով հիվանդանոցը ապահովվեց նոր մահճակալային ֆոնդով։ Հիմա էլ տարբեր ընթացիկ ծրագրեր ենք իրականացնում տարբեր հիմնադրամների հետ:

-Ի՞սկ պետությունից ինչ կոնկրետ աջակցություն եք ստացել այս ընթացքում:

-Երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, մենք, որպես ծայրամասային բկ փորձում էինք հնարավորության սահմաններում բուժօգնություն ցուցաբերել նաեւ պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին և քաղաքացիներին, աշխատում էինք գերծանրաբեռնված ռեժիմով` սպասարկելով համ համայնքային բնակչությանը, համ անհրաժեշտության դեպքում պատերազմից տուժածներին, հատկապես լարված էր գործում մեր «Շտապ օգնության» ծառայությունը, որը վիրավորներին և տուժածներին Արցախից տեղափոխում էր Վարդենիս, իսկ այստեղից էլ անհրաժեշտության դեպքում այլ բկ-եր: Արդեն պատերազմից հետո պետական այրերը հասկանալով ծայրամասային բկ-ի կարևորությունը ոչ միայն խաղաղ պայմաններում այլև արհավիրքների ժամանակ սկսեցին ավելի մեծ ուշադրություն դարձնել մեր բկ-ին: Կառավարության ջանքերով սկիզբ դրվեց հիվանդանոցի զարգացման ծրագրին: Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի կողմից նախ մեզ տրամադրվեց շարժական ռենտգեն, իսկ առողջապահության ԾԻԳ-ի կողմից էլ ստացանք ստացիոնար ռենտգեն ապարատ։

-Դիագնոստիկ ի՞նչ այլ սարքավորումներով է հագեցած բկ-ն։

-Բարեգործների միջոցով ձեռք ենք բերել նաեւ լաբորատոր սարքավորումներ, ունենք ժամանակակից ՈՒՁՀ ապարատ, շուտով կունենանք համակարգչային տոմոգրաֆ: Այդ հարցը արդեն իսկ Կառավարության առաջնահերթությունների մեջ է։

-Պարոն Շահինյան, մեր կայքի «Առողջապահություն» նախագծի շրջանակներում, մարզային բկ-եր այցելելիս, գրեթե ամենուրեք լսում ենք, որ վերջին տարիներին կենտրոնական և մարզային իշխանությունների ուշադրությունը դեպի համայնքային բուժհաստատություններ ավելացել է, այս առումով Դուք ի՞նչ կասեք, զգացել եք արդյո՞ք քաղաքականության փոփոխություն Ձեր գլխավորած ԲԿ-ի նկատմամբ: 

-Իհարկե, մենք ազատորեն կարողանում ենք օգտվել թե վճարովի ծառայությունների, թե պետպատվերի համար նախատեսված ֆոնդից: Հիմա մեր հիմնական խնդիրը հիվանդանոցի վերանորոգման հարցն է, ըստ էության մարզում միակ բուժհաստատությունն է, որ վերանորոգված չէ, բայց Կառավարությունը 2023թվականին նախատեսում է բկ-ում սկսել հիմնանորոգման աշխատանքներ, այնպես որ այս հարցն էլ կլուծվի: Չնայած պետք է նշեմ, որ վերջին տարիներին բարեգործական կազմակերպությունների միջոցով բավական աշխատանք այս ուղղությամբ էլ արվել է` շենքի մի հատված հիմնովին վերանորոգվել է:

-Պարոն Շահինյան, չնայած նրան, որ թե մարզային բկ-երի ղեկավարության կողմից, թե կենտրոնական և մարզային իշխանությունների կողմից բավական աշխատանք է կատարվում համայնքային բժշկության զարգացման ուղղությամբ, միևնույն է բնակչության մոտ կարծես թե արմատավորված անվստահություն կա դեպի տեղական բուժկենտրոններ, և նրանք ամենա չնչին իսկ խնդրի դեպքում ձգտում են դիմել մայրաքաղաքային կլինիկաներ... Ինչո՞վ է դա պայմանավորված ըստ Ձեզ:

-Ես ասեմ կոնկրետ Վարդենիսի Բկ-ի մասով...Մինչեւ 2022 թվականը Վարդենիսի հիվանդանոցը եւ Վարդենիսի պոլիկլինկան համարվում էին առանձին կառույցներ։ 2022 թվականին նախկին մարզպետ Գնել Սանոսյանի և ներյակիս մարպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և անմիջական աջակցությամբ այդ հաստատությունները միավորվեցին, ինչի արդյունքում ստեղծվեց Վարդենիսի բուժկենտրոնը, որի նկատմամբ մարզային իշխանությունների ուշադրությունը չի պակասում առ այսօր: Այս ռեստրուկտուրիզացիայի նպատակը հենց բնակչության արտահոսքը դեպի մայրաքաղաքային կլինիկաներ հնարավորինս կանխելն էր: Այդ նպատակին հասնելու համար մենք սկսեցինք նոր, որակյալ մասնագետներով համալրել բկ-ն, արդեն 7 մասնագետներ ունենք Երեւանից, ինչի շնորհիվ կարողանում ենք իրականացնել տարբեր բարդ դիմածնոտային, տրավմատոլոգիական,  անոթային և այլ վիրահատություններ: Այս կիսամյակում արդեն իսկ կատարվել է 175 վիրահատություն: Համեմատության համար ասեմ, որ անցած ողջ տարվա ընթացքում կատարվել է 170 վիրահատություն։ Այս ամենը խոսում է հենց նրա մասին, որ մեր արդիականացման ծրագրերը աշխատել են և բնակչության վստահությունը դեպի ԲԿ աճել է:

-Ապագայի հետ կապված ի՞նչ ծրագրեր ունեք:

-Այս  պահին ունենք նեղ մասնագետների հետ կապված խնդիր, այդ հարցը առաջնային լուծում է պահանջում, քանզի ուզում եմ, որ Վարդենիսի բկ-ն վերածվի իրական բազմապրոֆիլ բուժկենտրոնի: Ճիշտ է հիվանդանոցը, որպես այդպիսին բազմապրոֆիլ է, բայց ուզում եմ, որ նեղ մասնագետների ներգրավմամբ այդ բովանդակությունը իրական իմաստ ստանա: Օրինակ` նպատակ ունեմ առաջիկայում ներդնել նեյրովիրաբուժական վիրահատությունների պրակտիկան, այդ հարցը արդեն իսկ քննարկել եմ մարզպետի հետ։

-Պարոն Շահինյան, եւ վերջում, կբանաձեւե՞ք հաջողակ կառավարման Ձեր գրավականը։

-Թիմային աշխատանք եւ նվիրավածություն։ Ես նախ բժիշկ եմ, հետո նոր ղեկավար։

  • Կիսվել: