Տիգրան Խաչատրյանը և Վասիլիս Մարագոսն անդրադարձել են ԼՂ-ից տեղահանվածների կարիքների հասցեագրման ուղղությամբ Կառավարության աշխատանքներին
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։
Հանդիպման ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների հասցեագրման ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող աշխատանքներին: Այս համատեքստում փոխվարչապետը բարձր է գնահատել հումանիտար կարիքների հասցեագրման գործընթացում Եվրոպական միության ցուցաբերած աջակցությունը:
Անդրադառնալով առավել երկարաժամկետ կարիքների հասցեագրման ուղղությամբ անհրաժեշտ քայլերին՝ զրուցակիցները կարևորել են միջազգային գործընկերների և հասարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցության շարունակականությունը, մասնավորապես՝ կենսակայունացման և զբաղվածության ծրագրերի արդյունավետ մեխանիզմների մշակման և իրականացման նպատակով: Այս համատեքստում մանրամասն անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության ներկայիս շրջանակին և դրա ընդլայնման հնարավորություններին: