Թեղուտի անտառային հատվածում բռնկված հրդեհը մարվել է
Փետրվարի 8-ին, ժամը 09:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Թեղուտ գյուղի մոտակա անտառում բռնկված հրդեհի հրդեհաշիջման նպատակով դեպքի վայր է մեկնել 8 հրշեջ-փրկարար: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունիցԼ
Հրդեհը մարվել է ժամը 13:04-ին: Այրվել են մոտ 40 հա խոտածածկույթ և մոտ 150 հատ ծառի կոճղ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի 4 աշխատակից:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին, ժամը 18:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի «Ախեթք» կոչվող հանդամասում:
Կապ է հաստատվել «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի փոխտնօրենի հետ, ով տեղեկացրել է, որ հրդեհը բռնկվել է Լոռու մարզի Թեղուտ գյուղի անտառային հատվածում։
Մթության պատճառով հրդեհաշիջում չի իրականացվել։
Փետրվարի 7-ին, հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 30 փրկարար-ծառայող և անտառտնտեսության 20 աշխատակից:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:07-ին:
Եղանակային պայմաններից ելնելով՝ հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են: Անտառտնտեսության աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն: