հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Տեղեկությունները, թե կայարանում կրակոցներ են հնչել, իրականությանը չեն համապատասխանում. տեղի է ունեցել ծեծկռտուք. կա վիրավոր

Տեղեկությունները, թե կայարանում կրակոցներ են հնչել, իրականությանը չեն համապատասխանում. տեղի է ունեցել ծեծկռտուք. կա վիրավոր

Քիչ առաջ էլեկտրոնային լրատվամիջոցներով տեղեկություն է տարածվել, որ կայարանի տարածքում կրակոցներ են հնչել և մեկ հոգի հրազենային  վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ նմանատիպ տեղեկություն SHAMSHYAN.com-ը նույնպես  ստացել էր:

Պարզվել է, որ Սասունցի Դավիթ կայարանի հարևանությամբ գտնվող  գնացքի գծերի հատվածում՝ դեպի ժողովրդին հայտնի «Վստրեչի կամրջի» մոտ, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ մի քաղաքացի գլխի և ոտքի մասում վնասվածք է ստացել, ով դեպքի վայրից դիմել է փախուստի և ահազանգել Երևանի 1-03 շտապօգնություն և բժիշկներին հայտնել իր գտնվելու վայրը:

Օպերատիվորեն  ժամանած շտապօգնության բժիշկները նախ առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Այս պահին դեպքի վայրում աշխատում է ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչի գլխավորությամբ:

Ծեծկռտուքի վայրում և դրանից մոտ 1 կմ հեռավորության վրա ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի  2-րդ վաշտի պարեկները հայտնաբերել են արնանման հետքեր, արյունոտված անձեռոցիկ, որոնք հետաքննիչը որպես նմուշ վերցրել է:

Փաստի առթիվ  ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վիրավորի, դեպքի մասնակիցների ինքնությունը և ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝  նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Հերքվել է կրակոցների մասին տեղեկությունը:

  • Կիսվել: