շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ճերմակ արտահագուստով ամենաուժեղ կինը. նրան տանը սպասում են արդեն մեկ ամիս

Ճերմակ արտահագուստով ամենաուժեղ կինը. նրան տանը սպասում են արդեն մեկ ամիս

Առաջին հաստատությունը, որ ընդունեց կորոնավիրուսով հիվանդներին, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցն էր:

Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Գայանե Հովհաննիսյանին տանը սպասում են արդեն մոտ մեկ ամիս: Ընտանիքը գիտի, որ նա երկար բացակայում է միայն հատուկ օրերին, որովհետև, ինչպես շատերն են ասում, նա հատուկ նշանակության բժիշկ է։ Արտակարգ իրավիճակներում աշխատելը նրա համար վաղուց է դարձել կենսակերպ, դեռ այն ժամանակներից, երբ սպիտակ խալաթի փոխարեն զինվորական համազգեստ էր կրում: Մոտ 20 տարի նա կյանք էր տալիս առաջնագծի զինվորներին: Ձեռքի տակով անցած գրեթե բոլոր զինծառայողներն անպայման վերադառնում էին դիրքեր՝ առողջ ու ավելի համարձակ:

Գայանե Հովհաննիսյանը շատ շնորհակալագրեր ու շքանշաններ ունի, բայց համակարգից հեռացավ՝ ամենամեծ գնահատականը համարելով հարյուրավոր մայրերի օրհնությունը: Հիմա ինքն է առաջնագծում, մի խումբ նվիրյալների հետ: Արդեն սպիտակ խալաթով է, ավելի ճիշտ՝ արտահագուստով: Մեկ ամիս առաջ առաջարկ ստացավ՝ կազմավորելու և ղեկավարելու երկրի ամենածանր բաժանմունքը: Կորոնավիրուսով առաջին ծանր հիվանդներին տանում էին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց:

«Երբ ինձ հրավիրեցին այստեղ՝ ղեկավարելու վերակենդանացման ծառայությունը, միայն 5 կամավոր բժիշկ կար: Հետո մեր շարքերը համալրվեցին, լծվեցինք աշխատանքի, դրվեցին բաժանմունքի հիմքերը: Հաշված օրերի ընթացքում բաժանմունքը պատաստ էր՝ անհրաժեշտ բոլոր սարքավորումներով ու բժշկական պարագաներով: Առաջին 10 օրը, կազմակերպչական աշխատանքներին զուգահեռ, առաջնային դերում էին մեր հիվանդները: Այդ դժվարությունը հիմա անցյալում է»,- 1lurer.am-ի հետ զրույցում պատմում է Հովհաննիսյանը:

Հանրապետությունում կորոնավիրուսի հետևանքով առաջին մահը գրանցվեց Նորքի ինֆեկցիոնում: Մահացավ ուղեկցող ծանր հիվանդություններով հիվանդը: Սա ցավալի էր, բայց բժիշկները ոչ մի րոպե ու վայրկյան չընկճվեցին: Թույլ սեռի ամենաուժեղ կինը լավ գիտի դրա գաղտնիքը, բայց խոսել այդ մասին չի սիրում:

«Ունենք նաև առողջացման շատուշատ պատմություններ: Այս հիվանդությունը դատավճիռ չէ: Օրինակ՝ ոչ ոք չէր հավատում, որ անոթային խնդիրներով, շաքարային դիաբետով, սրտում 7 ստենդ ունեցող և թոքաբորբով հիվանդը կարող է հաղթահարել կորոնավիրուսը: Թոքաբորբը բուժելուց հետո նրան ուղարկեցինք բազմապրոֆիլ հիվանդանոց և երեկ իմացանք, որ նա արդեն տանն է: Մի՞թե սա հաղթանակ չէ»,- ասում է բժշկուհին:

Տունն ու ընտանիքին բոլորն են այստեղ կարոտել: Ով հերթապահ չէ, այդ օրը գիշերում է հյուրանոցում: Բոլոր բժիշկները զգում են հոգատարություն, ստանում են շնորհակալական խոսքեր, ծաղիկներ, ուտելիք՝ սիրո ջերմ խոստովանություններով:

Գայանե Հովհաննիսյանն իր կյանքում շատ փորձություններ է հաղթահարել: Հաղթանակի գինը նա լավ գիտի: Վստահ է՝ սա էլ կանցնի, պարզապես պետք է սթափ լինել ու հետևել բոլոր խորհուրդներին: Եվս մեկ անգամ խնդրեց՝ ՄՆԱՑԵՔ ՏԱՆԸ, ՈՐ ՄԵՆՔ ՏՈՒՆ ԳՆԱՆՔ:

 

  • Կիսվել: