շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
Տավուշում հուլիսյան մարտերի հետևանքով վնասված տների վերականգնման աշխատանքները կվերսկվեն (լուսանկարներ)

Տավուշում հուլիսյան մարտերի հետևանքով վնասված տների վերականգնման աշխատանքները կվերսկվեն (լուսանկարներ)

Տավուշում հուլիսյան մարտերի հետևանքով վնասված տների վերանորոգման, վերականգնման աշխատանքները կշարունակվեն: Շինարարական աշխատանքները դադարեցվել էին երկու հիմնական պատճառով՝ սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմով պայմանավորված փոխվեցին առաջնահերթությունները, զորակոչվեցին շինարարական բրիգադների մասնակիցները: Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ կառավարությունը որոշում է կայացրել ապահովել մնացած գումարի ամբողջական ֆինանսավորումը: Առաջիկա օրերին գումարն ամբողջապես կհատկացվի շինարարական կապալառու կազմակերպություններին, արդյունքում ոչ միայն աշխատանքները կվերսկսվեն, այլև ամբողջությամբ կվճարվեն կրեդիտորական պարտքերը: 

 

«Երբ կապալառու կազմակերպությունները կստանան ֆինանսավորումը, իմ հանձնարարությամբ ձեռնամուխ կլինեն այն խնդիրների լուծմանը, որոնք խանգարում են բնակիչների կենսապահովմանը: Ասեմ, որ կան որոշ աշխատանքներ տներում, բայց հիմնականում մնացել են փողոցային հարդարման, ցանկապատների, դարպասների հետ կապված հարցերը, որոնք կտեղափոխվեն հաջորդ տարի: Աշխատանքների ամենամեծ ծավալն Այգեպար գյուղում է, որտեղ մի քանի տասնյակ տներ գրեթե հիմնովին վերանորոգվել են, երկրորդը՝  Ներքին Կարմիրաղբյուրն է: Չինարիում զրոյից նոր տուն է կառուցվում, որի արտաքին աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են: Ասեմ, որ վերանորոգման աշխատանքներ են իրականացվում մի քանի կրթական հաստատություններում: Սահմանային գյուղերում մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել բնակչության պատսպարման հնարավորությունների հետ կապված»,-ասաց մարզպետը: Հուլիսյան մարտերից տուժել են Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի գյուղերը: Հրետակոծություններից հետևանքներ են եղել Մովսեսում և Բերդ քաղաքում: Ընդհանուր առմամբ, հուլիսյան մարտերից հետո վերականգնման բոլոր ծրագրերի ֆինանսավորումը գերազանցում է 400 մլն-ը: 

Պատերազմից հետո մարզում որքանո՞վ են փոխվել առաջնահերթությունները: Հայկ Չոբանյանի խոսքով, առաջնահերթություններն առանձնապես չեն փոխվել: Դրանք մնացել են նույնը: Նա ընդգծեց, որ պատերազմից առաջ նույնպես զբաղված էին մարզի անվտանգային համակարգի բարելավման գործով՝ պատսպարում, իրազեկում, լոգիստիկ համակարգ և այլն: Այդ համատեքստում նա կարևորեց աշխարհազորի ստեղծումը: 

«Անվտանգային համակարգի տեսանկյունից ոչ պակաս կարևոր է տնտեսական խնդիրների լուծումը, որովհետև դրանք ուղղակիորեն կապված են ոչ միայն եկամուտներ ապահովելու հետ, որոնք հնարավոր կդարձնեն մեր պաշտպանական համակարգերի բարելավումը, այլև դա ուղղակիորեն ազդում է սահմանում ապրող մարդու կեցության, ապրելու հաստատակամության վրա»,-ասաց նա:

Այս առումով մարզպետը կարևորեց հանրային ակտիվությունը, որը դրսևորվեց հուլիսյան օրերին, ինչպես նաև սեպտեմբերին մեկնարկած պատերազմի ընթացքում, երբ կազմակերպություններ, անհատներ, իրենց ուժերով, միջոցներով կարողություններով ներգրավվում են տարբեր խնդիրների լուծման գործում: Մարզպետի խոսքով, դա շատ մեծ արժեք է, որը պետք է պահպանել: Ահա այդ հանրային ակտիվության շրջանակում է, որ հնարավոր եղավ տարբեր բարեգործական կազմակերպությունների, անհատների հետ պայմանավորվել ենթակառուցվածքային, մասնավորապես, ոռոգման ծրագերի իրականացման հարցում: Մարզպետն ուրախությամբ նշեց, որ երկու ծրագիր այդ ուղղությամբ ամբողջությամբ ավարտվել է: Սա լուրջ տնտեսական արդյունք է գյուղերում ապրող հարյուրավոր ընտանիքների համար: 

 

Հայկ Չոբանյանը նկատեց, որ մեծ ծավալի շինարարական աշխատանքներ կատարվեցին թե նախորդ տարի, թե այս տարի: Շարունակվել են աշխատանքները սահմանամերձ գյուղերում: 

«Օրինակ, Մովսես գյուղում առաջին փուլն ավարտեցինք, սկսեցինք երկրորդը: Ոչ միայն գյուղ տանող, այլև համայնքի ներսի ճանապարհներն են բարեկարգվել: Այս տարի մի քանի պատմամշակութային հուշարձաններ տանող ճանապարհներ նույնպես բարեկարգվեցին: Ճանապարհաշինարարական ծրագրերում ընդգրկված են եղել թե քաղաքային, թե գյուղական համայնքները: Իրականացվել են նաև միջպետական հատվածների շինարարական աշխատանքներ: Մասնավորապես, այս տարի շարունակվել է բարեկարգումը Ալավերդուց դեպի Վրաստանի սահման»,-ասաց մարզպետը: 

2020 թվականին ճանապարհաշինարարական աշխատանքների  գումարի ընդհանուր ծավալը 6.5 մլրդ է: 

  • Կիսվել: