Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը
Կատարի Պետության վարչապետ և արտաքին գործերի նախարար Շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանին Դոհայում հանդիպում է անցկացրել Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Էդվարդ Միլիբենդի հետ։
Այս մասին X-ում հաղորդագրություն է տարածել Կատարի ԱԳ նախարարությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև երկկողմ համագործակցությունը և դրա ամրապնդման ուղիները, ինչպես նաև տարածաշրջանային վերջին զարգացումները, մասնավորապես՝ տարածաշրջանում լարվածության թուլացման և անվտանգության ու կայունության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող դիվանագիտական և համատեղ համակարգված ջանքերը։
Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում ընդգծվել է բոլոր կողմերի՝ երկխոսությանը, դիվանագիտությանը և Միացյալ Նահանգների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև կնքված փոխըմբռնման հուշագրի իրականացմանը հանձնառության ապահովման կարևորությունը՝ ներառյալ Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունը, տարածաշրջանում անվտանգության պահպանումը, ձեռք բերված նվաճումների պաշտպանությունը և տարածաշրջանային կայունության ամրապնդումը։
«Շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանին վերահաստատել է Կատարի Պետության լիակատար աջակցությունը լարվածությունը նվազեցնելու բոլոր ջանքերին՝ տարածաշրջանում մշտական խաղաղություն հաստատող համապարփակ համաձայնագրի հասնելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ։
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1256437



