կիրակի, հուլիս 19
19 / 7 / 2026
Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում առաջնահերթությունները եղել են, կան ու լինելու են նույնը. մարզպետ

Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում առաջնահերթությունները եղել են, կան ու լինելու են նույնը. մարզպետ

Բնակիչների համար օրն անցել է խաղաղ, նրանք վերադարձել են իրենց բնականոն աշխատանքին: Այս մասին ճեպազրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: 

Նա նշեց, որ չի կարծում, թե շտապում են վերադառնալ բնականոն կյանքին: Մարզպետի խոսքով՝ վնասված տների վերականգնման աշխատանքները սկսվել են. ՛՛Մենք պարտավոր ենք արագ անցնել այդ աշխատանքների իրականացմանը՛՛:

Չոբանյանն ասաց, որ մարզպետարանի կայքում հայտարարել են ստեղծված աշխատանքային խմբերի համարները, որոնց մեջ կա նաև քաղպաշտպանության աշխատանքային խումբը: Աջակցություն ցուցաբերողները կարող են կապվել նշված համարներով:

Խոսելով այն մասին, թե իրավիճակի փոքր-ինչ խաղաղվելուց հետո որոնք են լինելու մարզի առաջնահերթ խնդիրները՝ մարզպետն ասաց.  ՛՛Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում առաջնահերթությունները եղել են, կան ու լինելու են նույնը՝ անկախ իրավիճակից:

Սահմանի անվտանգությունը ներառում է ոչ միայն զինվորական, կյանքի անվտանգությունը, այլև քաղաքացու անվտանգությունը: Նրա համար բնականոն կյանքի ապահովումը մեր առաջնահերությունն է՛՛:

Նա վստահեցրեց նաև, որ ճանապարհաշինական ու ջրամատակարարման աշխատանքները նույնպես շարունակվում են, որոշակի բացառություն միայն երեկ է եղել:

 

  • Կիսվել: