երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Սպանված փոքրիկի ընտանիքում երկու անչափահաս աղջիկներ էլ են բնակվում (տեսանյութ)

Սպանված փոքրիկի ընտանիքում երկու անչափահաս աղջիկներ էլ են բնակվում (տեսանյութ)

«Հեռացեք, քանի դեռ կացինը չեմ բերել»,- այսպես արձագանքեց այն ընտանիքի հայրը, որտեղ 1.5 տարեկան փոքրիկ էր սպանվել 10 օր առաջ։ Տեղեկություն ունեինք, որ այս տանը երկու անչափահաս աղջնակներ էլ են ապրում, ցանկանում էինք ճշտել՝ արդյոք նրանք բռնության են ենթարկվում: Ըստ Քննչական կոմիտեի՝ 1.5 տարեկան տղային այս տանը պարբերաբար ծեծել են մայրը, խորթ հայրն ու խորթ տատը, դիմեդրոլ են տվել, որ ստիպված քնի, խորթ հայրը այնքան չի դիմացել փոքրիկի լացի ձայնին` ծեծել է, մտցրել լվացքի մեքենայի մեջ, շարունակել ծեծել. հաջորդ օրը երեխան մահացել է, գրում է Ազատությունը:  

«Երեխայի իսկական հայրը դիմեց, որ տեղ չունենք, ոչ մի տեղ հուղարկավորելու, ես տրամադրել եմ, մեր Խարբերդ համայնքում հուղարկավորվել է», - ասում է համայնքապետ Կամո Կակոյանը:

Երեխայի 19-ամյա մայրը և 31-ամյա խորթ հայրը կալանավորված են, իսկ խորթ տատը ստորագրությամբ ազատ է արձակվել։ Երեքն էլ մեղադրյալներ են։ Խարբերդի համայնքապետն ասել էր, որ գյուղի ծայրամասի տնակում ապրողներից ով ում ինչն է, լավ չի հասկանում, իսկ փոքրիկի հետ տնակ հարս եկած 19-ամյա աղջկա մասին չի էլ իմացել. «Ոչ մի հարցով չեն դիմել, էտ երեխան էլ հետը բերել է էտ աղջիկը, այսինքն` մեր համայնքում չի ծննդաբերել, բուժամբուլատորիայի հետ կապ չի ունեցել, ոչ մի տեսակի գրանցում չի եղել, դրա համար մենք տեղյակ չենք եղել այս երեխայի գոյության մասին»:

Ովքե՞ր են ապրում այս տնակում, հարցին պատասխանելու համար գյուղապետը աշխատակազմի ներկայացուցչին է հրավիրում մատյանով. «Այսինքն` իրենք իրենց քանակը չգիտեն, ես որտեղի՞ց իմանամ, մտնում ես խճճված, ասում է` մեկ էլ տեսնում ես` Կիրովականից քուրն եկավ, ո՞ւր ես եկել, ինչի՞ համար ես եկել, միթոմ սրան շատ տեղ կա»:

«Մի աղջիկը ամուսնացել, գնացել է», - ասում է աշխատակազմի ներկայացուցիչը:

Տնակում սկզբում ապրել է Զոհրաբը հարազատ որդու՝ Ռազմիկի հետ, հետո այստեղ իր, պարզ չէ, քանի աղջիկների հետ հարս է եկել Նունեն` որպես Զոհրաբի կին: Վերջերս այս խմբին էր միացել 19-ամյա մի կին փոքրիկի հետ` որպես Ռազմիկի կին: Հետո արդեն ողբերգությունն էր, որին, սակայն, անախորժություններ էին նախորդել, ըստ համայնքապետի, ոգելիցի պատճառով. «Անախորժության համար ահազանգ եղել է, զգուշացրել ենք, զգուշացնելուց հետո հանդարտվել են: Բազմիցս զգուշացրել ենք, որ ձեր դոմիկ-տնակում աշխատեք, որ հարևանների անդորրը չխանգարեք: Եղել է լռություն, եղել է նորից վիճաբանություն, համենայն դեպս չէինք սպասում, որ սենց փաստի առաջ կկանգնեինք»:

Ի պաշտոնե համայնքապետն է խնամակալության հոգաբարձության հանձնաժողովի ղեկավարը: Ի՞նչ կաներ, եթե իմանար, որ ընտանիքիում փոքրիկ է բռնության ենթարկվում: «Մենք ունենք հոգաբարձության բաժին, այսինքն` այդ ընտանիքի հետ կզբաղվեին մարդիկ, որը կբերեր ճիշտ ուղու վրա, բայց այդ ընտանիքի հետ չեմ կարող ասել` ինչ կարող էր լինել», - ասում է նա:

Բաժինը հիմա էլ կա, համայնքապետարանը նաև սոցաշխատող ունի, Արարատի մարզպետարանը` երեխաների իրավունքներով զբաղվող բաժին: Ողբերգությունից անցել է տասը օր, տնակի դուռը բացող չի եղել, թեպետ սպանված փոքրիկի կալանավորված ծնողներից բացի, բոլորը տանն են:

«Դուռը փակ է եել, խոսել ենք Զոհրաբի հետ, ուզել ենք ճշտել, բայց քանի որ գործը Քննչականում է, մեր տված հարցուպատասխանը, չեմ կարծում, որ կարող է խոչընդոտեր քննությանը», - ասում է համայնքապետը:

Տանն անչափահաս երկու աղջիկներ կան՝ 12 և 16 տարեկան՝ Զոհրաբի կնոջ` Նունեի դուստրերն են: Նունեն, հիշեցնենք, ըստ Քննչական կոմիտեի, փոքրիկին ծեծել ու դիմեդրոլ էր տվել:

«Տեղեկանք են տարել իրենք, որ դպրոց գնան, բայց որ դպրոցում են, չգիտեմ դա», - նշում է համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչը:

Ո՞վ կպաշտպանի այս տանը մեծացող մյուս երկու անչափահասներին: Երեխայի պաշտպանության պետական համակարգում մասնակիցները բազմաթիվ են, բայց չկան պատասխանատուներ: Համակարգի անարդյունավետության մասին բազմիցս ահազանգել է փորձագետ Միրա Անտոնյանը, նաև Խաշթառակի՝ երեխաների ծեծի, մկնդեղով թունավորման ու նրանցից մեկի մահվան պատմությունից հետո ծանր կանխատեսում էր արել. «Մինչև չդարձնենք սա անձնական մասնագիտական պատասխանատվություն, մենք էս դեպքերն ունենալու ենք, պատրաստ եղեք, որ էլի են դեպքեր լինելու»:

«Բոլոր երկրներում համակարգերը փոխել են, հենց նման որևէ աղմկոտ դեպքից հետո»,-ասում է Միրա Անտոնյանը: Հայաստանում շարունակում են խորթ ու հարազատ մարդիկ երեխաների սպանել` ծեծով, թույնով, քնաբերով, իսկ համակարգի անհաշվելի թվով պատասխանատուները չգիտեն, չեն իմացել, եթե իմանային...

  • Կիսվել: