երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Շիրակի մարզում պարեկները հետախուզման մեջ գտնվող 27-ամյա երիտասարդի մոտ թմրանյութ են հայտնաբերել

Շիրակի մարզում պարեկները հետախուզման մեջ գտնվող 27-ամյա երիտասարդի մոտ թմրանյութ են հայտնաբերել

ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի և մարզերի գումարտակների պարեկները այս տարի նույնպես աչքի են ընկել ապօրինի թմրամիջոցների դեմ պայքարում։ ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը 2024 թվականը նույնպես հայտարարել են պայքար ապօրինի թմրամիջոցների դեմ, իսկ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի անմիջական հսկողության տակ է դրված պարեկների կողմից ուժեղացնել պայքարը նաև նման երևույթի դեմ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 30-ին, ժամը 15։15-ի սահմաններում Գյումրի քաղաքի Երևանյան խճուղի 147/8 հասցեի դիմաց ծառայության ընթացքում ստուգման նպատակով պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի կրտսեր պարեկը կանգնեցրել են 35-ամյա Կարեն Ս․-ի վարած «ՎԱԶ 2109» մակնիշի ռուսական համարանիշի ավտոմեքենան, որի ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ 27-ամյա Գևորգ Մ․-ի մոտ նկատվել է լարվածություն, ինչը կասկածներ է առաջացրել, արդեն տեղում Գևորգ Մ․-ն հագին եղած վերարկուի գրպանից հանել է պոլիէթիլենային տոպրակ, փորձել է պատռել և գցել է գետնին, որի մեջ առկա է եղել սպիտակ բյուրեղանման զանգված:

Պարեկները նրան ապօրինի թմրանյութ պատրաստելու, պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ վերջինիս անձնական խուզարկությամբ հագին եղած վերարկուի ծոցագրպանում հայտնաբերվում է ընդհանուր 0.04 գրամ քաշով թմրանյութի նմանվող սպիտակ գույնի բյուրեղանման զանգված։

Փաստերի ճնշման տակ Գևորգ Մ․-ն հայտնել է, որ հայտնաբերված զանգվածը հանդիսանում է «Մեֆեդրոն» տեսակի թմրամիջոց, որը ձեռք է բերել նույն օրը կայքերից մեկի միջոցով՝ իր օգտագործման համար: 

 Պարզվել է նաև, որ Գևորգ Մ․-ն փետրվարի 26-ից հետախուզվում է ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից ՀՀ քր.օր. 396 հոդ. 1-ին մասի մեղադրանքով:

 Նույն օրը ժամը 23։00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Երևանյան խճուղի 147/8 հասցեի դիմաց դեպքի վայրի զննությամբ ճանապարհի ասֆալտապատ հատվածից հայտնաբերվել և վերցվել է Գևորգ Մ․-ի կողմից նետած, պոլիէթիլենային փաթեթի մեջ փաթեթավորված ընդհանուր 0,05 գ․ քաշով «Մեֆեդրոն» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված:

 Դեպքի փաստով ոստիկանության Կումայրիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով ՀՀ քր. օր 393 և 396 հոդվ. 1-ին մասի մեղադրանքով նախաձեռնվել է վարույթը:  

Գևորգ Մ․-ն, հայտնաբերվածները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

  • Կիսվել: