շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Սեւանի ԲԿ-ն` 2022 թվականի լավագույն մարզային բուժհաստատություն. Դժվարություններով լի հաջողության ուղու մասին պատմում է բուժկենտրոնի տնօրեն Արամ Նիկողոսյանը

Սեւանի ԲԿ-ն` 2022 թվականի լավագույն մարզային բուժհաստատություն. Դժվարություններով լի հաջողության ուղու մասին պատմում է բուժկենտրոնի տնօրեն Արամ Նիկողոսյանը

Սեւանի բուժկենտրոնը, որը սպասարկում է Սևանի տարածաշրջանի թվով 37850 ազգաբնակչության, ճանաչվել է 2022 թվականի լավագույն մարզային բուժհաստատությունը: Տնօրեն Արամ Նիկողոսյանը, ով ընդամենը 8 ամիս առաջ է նշանակվել այդ պաշտոնին, InfoPort.am-ի հետ կիսվեց, որ բավական բարդ ժառանգություն է ստացել պաշտոնը ստանձնելիս, սակայն էֆֆեկտիվ կառավարման, թիմային աշխատանքի, պացիենտների և միմյանց նկատմամբ հոգածության, սեփական աշխատանքի նկատմամբ պատասխանատվության զգացման շնորհիվ կարողացել են հաղթահարել առկա դժվարությունները և կարճ ժամանակահատվածում գրանցել այնպիսի առաջընթաց, որ ԲԿ-ն գլխավորի տարվա լավագույն մարզային բուժհաստատությունների աղյուսակը:     


-ԲԿ-ն ունեցել է ֆիննանսական պարտավորություններ, բայց պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրերից սկսվել է պատքերի մարման գործընթացը` շնորհիվ վճարովի ծառայությունների եւ կատարողականների ավելացման։ Հիմա, փառք Աստծո, պարտքերն ամբողջությամբ մարվել են: Հսկայական պարտքեր մարվեցին շատ կարճ ամիսների ընթացքում։

-Հիմա, երբ ֆինանսական խնդիրները որոշակիորեն հաղթահարված են, զարգացման ի՞նչ ծրագրեր եք որդեգրել:  

-Մենք պլանավորել ենք շարունակաբար ընդլայնել ծառայությունների ցանկը, զարգացնել ախտորոշիչ հետազոտությունների ծառայությունը՝  համալրելով կազմակերպությունը անհրաժեշտ  բոլոր սարքավորումներով, մասնագետներով և  աշխատանքային պայմաններով:

-Իսկ ներկայումս ԲԿ-ում ի՞նչ բաժանմունքներ են գործում, ի՞նչ նեղ մասնագիտական ծառայություններ եք մատուցում:

-Մենք մատուցում ենք բավական լայնասպեկտր հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային ծառայություններ` ընտանեկան բժշկություն, ընդհանուր վիրաբուժական ծառայություն, «Շտապ օգնության» ծառայություն: Կենտրոնում գործում են անեսթեզիոլոգիական և վերակենդանացման, մանկաբարձա-գինեկոլոգիական, վարակիչ հիվանդությունների, մանկաբուժական, ուռուցքաբանական, նյարդաբանական, ուրոլոգիական, սրտաբանական և մի շարք այլ բաժանմունքներ:

Վերջին ութ ամիսների ընթացքում է ներդրվել են հոլտեր, կոլոնոսկոպիական ծառայությունները, առաջիկայում ուզում ենք ստանալ լիցենզիա մանկական ԼՕՌ վիրահատություններ կատարելու համար։ Մեզ մոտ վերջերս ներդրվել նաեւ էնդոպրոթեզավորման ծառայություն, որի անհրաժեշտությունը  ժամանակի հրամայականն էր։ Մի խոսքով կենտրոնը մատուցում է գրեթե բոլոր այն ծառայությունները, որոնք մատուցվում են խոշոր քաղաքային կլինիկաներում:  

-Պ-ն Նիկողոսյան, մեր կայքի «Առողջապահություն» շարքը պատրաստելիս այս ընթացքում բավական շատ համայնքային բկ-եր այցելեցինք, և ընդհանուր առմամբ կարելի է փաստել, որ մարզային բժշկության զարգացման համար վերջին տարիներին շատ բան է արվել, այդուհանդերձ համայնքային բնակչությունը բուժսպասարկում ստանալու համար ձգտում է հասնել մայրաքաղաք, ինչո՞վ է դա պայմանավորված:

-Ճիշտ եք ասում, կար նման բան, բայց այս կարճ ժամանակահատվածում հասարակությունը մեծ վստահություն է ձեռք բերել, կոնկրետ մեր մասով ասեմ, Սեւանի բկ-ի նկատմամբ եւ գերադասում է մեզ մոտ ստանալ այն բոլոր ծառայությունները, որոնք մատուցվում են բուժկենտրոնում:

-Կարելի՞ է ասել, որ համայնքային բկ-երի վերջին տարիների գրանցած առաջընթացը  մարզակենտրոն քաղաքականության արդյունք է։

-Անխոս... այն փաստը, որ մենք կարողանում ենք բարձր վարձատրությամբ ապահովվել մեր մասնագետներին, մարզային իշխանությունների շնորհիվ է։ Մարզային իշխանությունների աջակցության շնորհիվ քաղիրավական պայմանագրային հիմունքներով բարդ վիրահատությունների դեպքում դրսից նեղ մասնագետներ են հրավիրվում, ովքեր տեղի մասնագետների հետ իրականացնում են ցանկացած միջամտություն։

-Պարոն Նիկողոսյան, կառանձնացնե՞ք այն խնդրները, որոնք այդուհանդերձ շարունակում են առկախված մնալ։

-Առաջին խնդիրը տեխնիկական հագեցվածությունն է, երկրոդ տեղում մասնագետների պակասն է: Օրինակ` այս պահին մենք ունենք ոռուլոգի խնդիր, ծառայությունը կա, բայց մասնագետ չունենք:

  • Կիսվել: