հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Սևանա լճի ափի հանգստյան գոտիներից մեկում գտել են 47-ամյա սեփականտիրոջ դին

Սևանա լճի ափի հանգստյան գոտիներից մեկում գտել են 47-ամյա սեփականտիրոջ դին

Այսօր՝ մարտի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը՝ կանչով մեկնել է Սևան համայնքի Նորաշեն բնակավայրի դիմաց, Սևանա լճի ափին գտնվող «Գեղամա աշխարհ» կոչվող հանգստյան գոտու առանձնատներից մեկը, որտեղ մուտքի մոտ հայտնաբերել են տղամարդու դի։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանն ու ոստիկանության Սևանի բաժնի պետի օպերատիվ գծող տեղակալ Կարեն Ավետիսյանը:

Ժամանել են նաեւ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի գլխավորությամբ:

Ահազանգով ժամանել են նաեւ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկային ծառայության պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի տեխնիկայի գծով ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել և հերթապահություն են իրականացրել նույն գումարտակի պարեկները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը մահացել է շմոլ գազի թունավորումից։ 

Մինչ դեպքի վայրում քննիչները զննություն էին կատարում, ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ ​ ավագ օպեր-լիազոր Մհեր Հակոբյանի գլխավորությամբ, ​ պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակավայրերից մեկի բնակիչ 47-ամյա Արթուր Մկրտչյանն է։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս նշված հանգստյան գոտու սեփականատերն էր։

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 



  • Կիսվել: