ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Սանասարյանի լիազորությունների կասեցումից հետո ՊՎԾ-ում 4 ժ/պ է եղել. կնշանակվե՞ն նոր պետ և տեղակալներ

Սանասարյանի լիազորությունների կասեցումից հետո ՊՎԾ-ում 4 ժ/պ է եղել. կնշանակվե՞ն նոր պետ և տեղակալներ

ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանը հունվարի 13-ին իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց, որ պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել վարչապետին:

Սանասարյանն իր գրառման մեջ նշում էր, որ ավելի քան երկու տարի իր դեմ հարուցված ապօրինի քրեական գործով ՊՎԾ ղեկավարի իր լիազորությունները կասեցված են:
Մասնավորապես նա նշել էր, որ հետպատերազմյան ցնցումներից խուսափելու համար ավելի շուտ նման որոշում չէր կայացրել, բացի այդ հայտարաել է նոր քաղաքական նախաձեռնություն ստեղծելու մտադրության մասին:

«Հայտարարում եմ, որ համախոհ ընկերների հետ նախաձեռնում ենք նոր քաղաքական գործընթաց և առաջիկայում կներկայացնենք ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու և Հայաստանի զարգացման ու հզորացման մեր բանաձևերը»,-նշվում էր հայտարարության մեջ:

ArmDaily.am-ը փորձեց կապ հաստատել Դավիթ Սանասարյանի հետ՝ քաղաքական նախաձեռնության մասին ավելին իմանալու, քրեական գործի մանրամասներին ծանոթանալու համար, սակայն նրա հեռախոսահամարն անջատված էր ու այդպես էլ կապ հաստատել չհաջողվեց:

Մեզ հետ զրույցում Սանասարյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը տեղեկացրեց, որ գործի դատաքննությունն է ընթանում ՝ վկաների հարցաքննության փուլն է այս պահին ընթանում: Այլ նորություն կամ գործում տեղաշարժ այս պահին չկա:

ArmDaily.am-ը կապ հաստատեց նաև ՊՎԾ մամուլի խոսնակ Սեդա Աղբալյանի հետ: Նա նշեց, որ Դավիթ Սանասարյանի լիազորությունների կասեցումից հետո գերատեսչության չորս պարտականություններ կատարող է եղել:

«Դավիթ Սանասարյանի լիազորությունների կասեցումից հետո պարտականությունները ժամանակավորապես դրվում էր տեղակալի վրա: Շատ կարճ՝ մի քանի օր եղել է Ալբերտ Աբգարյանը, որը ամենահին տեղակալն էր ու որին, ըստ օրենքի, փոխանցվում էր պարտականությունները կատարողի ժամանակավոր պաշտոնը: Հետո ինքը հրաժարվել է ու պարտականություն կատարող դարձել է Արգիշտի Քյարամյանը՝ մյուս տեղակալը, հետո երբ անցյալ տարի մայիսին գնացել է Ազգային Անվտանգություն՝ նշանակվել է Ռաֆայել Զաքարյանը որպես պարտականությունները կատարող: Նրանից հետո արդեն նշանակվել է ու մինչ օրս պարտականությունները կատարող համարվում է Տիգրան Ուլիխանյանը»,- տեղեկացրեց Սեդա Աղբալյանը:

ArmDaily.am-ին հայտնի դարձավ նաև, որ այս պահին մեկ ազատ հաստիք կա ՊՎԾ-ում՝ տեղակալի հաստիքը:

Աղբալյանը տեղեկացրեց, որ Դավիթ Սանասարյանի դիմումը ստորագրվելուց հետո կնշանակվի ղեկավար և կառաջանա տեղակալի երկու ազատ հաստիք:

Ինչ վերաբերում է գերատեսչության արդյունավետ աշխատանքին՝ ՊՎԾ մամուլի խոսնակը տեղեկացրեց, որ կառույցը ենթակա է վարչապետին՝ հետևաբար կառույցի աշխատանքի արդյունավետությունը գնահատում է վարչապետն ու հասարակությունը:

Հիշեցնենք, որ դեռևս 2018-ին ՊՎԾ ղեկավար Սանասարյանի դեմ քրեական գործ հարուցվեց հեմոդիալիզի պարագաների գնման մրցույթի ընթացակարգում արձանագրված խախտումների մասով:

Ազգային անվտանգության ծառայության տվյալներով՝ Սանասարյանի ղեկավարած գերատեսչության պաշտոնյաները չարաշահել են իրենց պաշտոնական դիրքն ու միջամտել պետական գնումների գործընթացին՝ խոչընդոտներ ստեղծելով ձեռնարկատետերի համար:

  • Կիսվել: