չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Ռուսաստանից Հայաստան արտաքսված քաղաքացիները արդեն 13 օր է՝ գիշերում են օդանավակայաններում

Ռուսաստանից Հայաստան արտաքսված քաղաքացիները արդեն 13 օր է՝ գիշերում են օդանավակայաններում

Փետրվարի 1-ին Ռուսաստան մեկնած, իսկ 3-ին Հայաստան արտաքսված յոթ քաղաքացիներից չորսը արդեն 13 օր է, ինչ գիշերում են «Զվարթնոց» օդանավակայանում: Երեք օրը Ռուսաստանի «Շերեմետեւո» օդանավակայանում են անցկացրել, դրանից հետո էլ՝ «Զվարթնոցում»։ Քնում են օդանավակայանի նստարաններին, այնտեղ սնվելու համար էլ վարկ են վերցրել, որ գումար ունենան, գրում է armtimes.com-ը:

«13 օր օդանավակայանում ենք քնում-արթնանում, կինս էլ վարկ է վերցրել, գումարը տվել ինձ, որ մենք կարողանանք էստեղ սնվել»,-կայքի հետ զրույցում ասաց Իջևան քաղաքի բնակիչ Եգորը։

Ըստ նրանց՝ այս ընթացքում գրեթե ոչ ոք իրենց չի մոտեցել: Միայն նշում են՝ «Մեզ «паспортный контроль»-ից են մոտեցել, ստուգել են մեր անձնագրերը, իրենք անձնագրային հարցերը կարգավորել են, դեպորտը չեղարկել են»,- ասաց նույն քաղաքի բնակիչ Արտուշ Ղուկասյանը:

Բայց թե ինչ «паспортный контроль»-ի մասին է խոսքը, ով է մոտեցել իրենց, և կոնկրետ ինչ է տեղեկացրել, պաշտոնական որեւէ հաստատում ստանալ մեզ չհաջողվեց:

«Հիմա մնում է միայն ավիաընկերության հարցը»,- ասում են քաղաքացիները: Չվերթն իրականացրած «Նորդվինդ» ավիաընկերությունը, ըստ նրանց, չի պատրաստվում որևէ կերպ փոխհատուցել:

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանը, իրենք փորձել են կապ հաստատել ավիաըկերության հետ, սակայն՝ ապարդյուն։ «Դիմել ենք նաև գրավոր կերպով, բայց մինչև հիմա պատասխան չենք ստացել»,- ասաց նա:

Ռուսաստանից հետ ուղարկված քաղաքացիները դիմել էին նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ Այստեղից մեզ ասացին՝ դիմումի ուսումնասիրությունը դեռ ընթացքի մեջ է, դրա համար ամիսներ են պետք: «Նման հարցերի դեպքում մենք էլ հարցումներ ենք ուղարկում պետական մարմիններ, պետական մարմինները պատասխանելու համար 30-օրյա ժամկետ ունեն, այսինքն՝ ուսումնասիրության փուլը իրականացվում է գրավոր ընթացակարգով, որպեսզի ստանանք համապատասխան պատասխան և, ըստ դրա, կազմենք մեր հետևությունը»,- պարզաբանեց ՄԻՊ գրասենյակի մամուլի խոսնակ Նունե Հովսեփյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին՝ դեպի Ռուսաստան չվերթները վերականգնվելուց հետո, Հայաստանից մեկնած մի խումբ քաղաքացիներ երեք օր անց հետ էին ուղարկվել։ Հասնելով «Շերեմետեւո» օդանավակայան՝ նրանց թույլ չէին տվել դուրս գալ օդանավակայանի տարածքից՝ պատճառաբանելով, որ չունեն կորոնավիրուսային հիվանդության բացակայությունը հավաստող թեստի անհրաժեշտ պատասխանը, իսկ այն թղթային տարբերակը, որը ներկայացվում է, ընդունելի տարբերակը չէ։

 

 

  • Կիսվել: