հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ԿԳՄՍՆ տեղակալն ընդունել է Ուրուգվայի ազգային հանրային կրթության վարչության պատվիրակությանը

ԿԳՄՍՆ տեղակալն ընդունել է Ուրուգվայի ազգային հանրային կրթության վարչության պատվիրակությանը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Ուրուգվայի ազգային հանրային կրթության վարչության (ANEP) պատվիրակությանը։

Հանդիպմանը մասնակցել են ANEP-ի միջազգային հարաբերությունների և համագործակցության բաժնի տնօրեն Վիկտորիա Ֆարոպպան, Հայաստանի Հանրապետությունում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին, Հայկական բարեգործական ընդհանուր միության կրթական գործերի տնօրեն Խավիեր Պոլատյանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է հյուրերին և ընդգծել Ուրուգվայի հետ բարեկամական հարաբերությունների կարևորությունը՝ շեշտելով Ուրուգվայում հայերենը որպես օտար լեզու դասավանդելու գործընթացը, որն իրականացվում է Ուրուգվայի կառավարության՝ օտար լեզուների ուսուցման խթանման ռազմավարության շրջանակում։

Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարության և Լեզվի կոմիտեի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող «Հայերենը ոչ հայախոսների համար․ հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագիրը, որի առաջին փորձնական փուլերից մեկը կիրականացվի Ուրուգվայում։ Այս համատեքստում Արթուր Մարտիրոսյանը կարևորել է հայ համայնքի և Հայկական բարեգործական ընդհանուր միության դերակատարությունը։

ANEP-ի միջազգային հարաբերությունների և համագործակցության բաժնի տնօրեն Վիկտորիա Ֆարոպպան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել Հայաստան–Ուրուգվայ բարեկամական կապերի ու համագործակցության կարևորությունը հատկապես կրթության ոլորտում տարբեր ծրագրերի ուղղություններով։ Անդրադառնալով երկկողմ համագործակցությանը՝ նշվել է, որ Ուրուգվայը դիտարկում է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հայաստանյան փորձը։ Ներկայում պետական բյուջեի ֆինանսավորմամբ ՀՀ 10 մարզերի դպրոցների տարրական դասարանների ավելի քան 100 հազար աշակերտներ ամեն օր ապահովվում են տաք սննդով։ 2023 թվականի հուլիսից ծրագրի կառավարումն ամբողջությամբ փոխանցվել է ՀՀ Կառավարությանը։ Հաջողված փորձի հիման վրա նախատեսվում է ծրագիրն ընդլայնել նաև Երևանի դպրոցներում: Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է նաև, որ Հայաստանը անդամակցում է «Դպրոցական սնունդ» կոալիցիային, և ներկայում քննարկվում է Հայաստանի հաջողված փորձը միջազգային ավելի լայն հարթակում ներկայացնելու հնարավորությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

  • Կիսվել: