հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Քասախում վիճաբանության ժամանակ «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգից մի քանի անգամ կրակոցներ է արձակվել

Քասախում վիճաբանության ժամանակ «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգից մի քանի անգամ կրակոցներ է արձակվել

Մայիսի 11-ին վիճաբանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում, որի ժամանակ հնչել են կրակոցներ։ Ժամը 17։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել , որ Քասախ գյուղում կրակոցներ են հնչել և մի տղամարդ ավտոմատը ձեռքին շրջում է, հաղորդում է Shamshyan.com-ը:

Պարզվել է, որ մայիսի 10-ին Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Վազգեն Ք․-ն հեռախոսով անձնական հարցերի շուրջ վիճաբանել է Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Ալեքսան Մ․-ի հետ և հայհոյել վերջինիս, ապա իր սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով մայիսի 11-ին՝ ժամը 15։20-ի սահմաններում, Քասախ գյուղի Ռ.Սաֆարյան փողոցում  հանդիպել է Ալեքսան Մ․-ին, որի ժամանակ Վազգեն Ք․-ն իր մոտ ապօրինի պահվող «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգից մի քանի անգամ անկանոն կրակոցներ է արձակել և այդ կերպ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել, չնչին առիթն օգտագործել է և իր կողմից ապօրինի պահվող «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգից կրակոցներ արձակելու միջոցով 15-20 րոպե տևողությամբ խուլիգանական դրդումներով խախտել է հասարակական կարգը:

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Վազգեն Ք․-ին և վերջինիս կողմից ապօրինի պահվող «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Կիսվել: