հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
Քաղաքացին խնդիր չունի իրեն անվտանգ չզգալու, համատարած հանցագործությունների մասին որևէ տվյալ չկա. Գալյան

Քաղաքացին խնդիր չունի իրեն անվտանգ չզգալու, համատարած հանցագործությունների մասին որևէ տվյալ չկա. Գալյան

Մեր երկրում հանցավորության ընդհանուր վիճակագրության առումով այլ երկրների համեմատությամբ բավականին բարվոք դրության մեջ ենք գտնվում։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Դուք կարող եք Արմստատից վերցնել վիճակագրությունը հանցավորության վերաբերյալ և այլ պետությունների պաշտոնական վիճակագրական կայքերից վերցնել համապատասխան թվական ցուցանիշները և կատարել համեմատություն։ Եթե դա անելու եք, կցանկանայի, որ ուշադրություն դարձնեք հանցագործությունների տեսակին։ Մեր երկրում, որպես կանոն, հանցագործությունների մեջ 50 և ավել տոկոսը սեփականության դեմ ուղղված հանցագործություններն են, այսինքն անձանց դեմ ուղղված հանցագործությունները կյանքի, առողջության, առողջությունը վտանգող հանցագործությունները բավականին քիչ են»,–ասաց նա։

Նա շարունակեց. «Իհարկե պետությունը բավարար ջանք պետք է գործադրի, որպեսզի կանխարգելի հանցագործությունները։ Նաև մենք մշակում ենք առանձին ռազմավարություն, որը ուղղված է հենց հանցավորության թվերի նվազմանը և հանցագործությունների կանխարգելմանը։ Այդ առումով խնդիրը միայն դրված չէ իրավապահ մարմինների կամ ոլորտում քաղաքականություն մշակող մարմնի առջև, այլ խնդիրը շատ ընդհանուր է և խնդրի լուծման պատասխանատուն նաև յուրաքանչյուր քաղաքացի է, ինչպես նաև շատ լայն սպեկտրի քաղաքացիներն են պատասխանատուները, սկսած մեր երեխաների կրթությունից, չգիտեմ, նախակրթական դպրոցից համապատասխան գիտելիքներ տալուց և այլն։ Այսինքն սա երկար և անընդհատ պրոցես է, և քաղաքացին, կարծում եմ, խնդիր չունի իրեն անվտանգ չզգալու, որովհետև մինչ այս պահը ամեն դեպքում համատարած հանցագործությունների վերաբերյալ որևէ տվյալ մենք չենք ունեցել, իսկ առանձին դեպքեր եղել են, կան և մարդկանց բնույթն ու էությունը հաշվի առնելով կասեմ, որ նաև լինելու են»։

  • Կիսվել: