Պրոֆեսոր Չարչյանը դուրս եկավ ՔԿՀ-ից․ Ճանապարհը, որն անցել եմ, իր գինն ունի
Շատ շնորհակալ եմ բոլորին, ովքեր այս դժվարին օրերին իմ կողքին եղան, շատ շնորհակալ եմ իմ փաստաբաններին, իմ կոլեկտիվին, իմ ընտանիքին, բոլորին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իզմիրլյան» ԲԿ-ի նախկին ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանը, ով քիչ առաջ ազատ արձակվեց ՔԿՀ-ից։
Նա նշեց, որ այս մեկ ամսվա ընթացքում հանգստացել է, անջատել ուղեղը։
«Շատ հետաքրքիրր գրքեր կարդացի, նայում էի հեռուստացույց, որոշակի անալիտիկաներ եղան, ինձ չէին զանգում, անհանգստացնում, գիշերվա 3-ին չէին զանգում ու ասում հիվանդ կա, բայց տուժեցին ՀՀ բոլոր այն քաղաքացիները, ում ես կարող էի օգնություն ցույց տալ ու, քանի որ մեկ ամիս ես անազատության մեջ էի, չկարողացա դա անել», - ասաց Չարչյանը։
Պրոֆեսորի խոսքով՝ ճանապարհը, որն անցել է՝ երկրաշարժ, պատերազմ, մասնագիտական դպրոցի հիմնում, ԲԿ-ի ղեկավարում, հետո նորից պատերազմ, այդ ամենն իր գինն ունի։
«Դրա գինն է կյանք ու առողջություն», - ասաց Չարչյանը։
Նա նշեց, որ գործունեությունը կշարունակի Ազգային ժողովում՝ վերցնելով պատգամավորական մանդատը։
Հարցին, թե ինչպիսին հիմա իր առողջական վիճակը, բժիշկը արձագանքեց. «Դա ինձ համար խիստ անձնական հարց է, եւ ես երբեք այդ հարցը «աֆիշիրովատ» չեմ արել: Միայն մի բան կարող եմ ասել, որ այն ամենը, այն ահռելի ճանապարհը, որ ես անցել եմ՝երկրաշարժ, արցախյան ազատամարտ, պատերազմ, դրանից հետո ծանրագույն աշխատանք, մասնագիտական դպրոցի հիմնում, բժշկկան հաստատության ղեկավարում, հետո նորից պատերազմ, կովիդ եւ այլն: Այդ ամենն իր գինն ունի: Դրա գինն է կյանք եւ առողջություն»:
Նշենք, որ այսօր՝ հուլիսի 21-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, որոշում կայացրեց «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար Արմեն Չարչյանին ազատ արձակել։
Չարչյանն ազատ արձակվեց 15 միլիոն գրավի դիմաց։
Հիշեցնենք՝ հատուկ քննչական ծառայությունը որոշում էր կայացրել Արմեն Չարչյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Քննիչը որոշում էր կայացրել Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն հարուցելու մասին։