երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Փրկարարի համար առաջնահերթը մարդու կյանքն ու առողջությունն են. անցկացվել են գործնական պարապմունքներ

Փրկարարի համար առաջնահերթը մարդու կյանքն ու առողջությունն են. անցկացվել են գործնական պարապմունքներ

Փրկարարների եռօրյա վերապատրաստումների շրջանակում ապրիլի 10-ին Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում անցկացվել են «Ավտոտրանսպորտային միջոցների վթարների դեպքում իրականացվող փրկարարական աշխատանքներ» թեմայով գործնական պարապմունքներ:
 
ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի դասախոս, կապիտան Անդրանիկ Խաչատրյանի խոսքով՝ «Շատ կարևոր են նմանատիպ վերապատրաստման դասընթացները, որովհետև Հայաստանում օր օրի ավելանում են տրանսպորտային միջոցները, և դրան զուգահեռ ավելանում են նաև վթարները: Այդ իսկ պատճառով կարևոր է, որ մեր փրկարարները կարողանան էլ ավելի բարձրացնել իրենց հմտությունները, գիտելիքները:
 
 
Տեսական դասընթացների ավարտից հետո իրականացվում են պարտադիր գործնական պարապմունքներ, որտեղ արդեն նման իրավիճակային պայմաններում խաղարկման սցենարներով կազմակերպվում են այսպիսի աշխատանքներ»:
 
Սկզբում փրկարարները ստանում են անվտանգության կանոնների վերաբերյալ հրահանգավորում, ծանոթանում խաղարկային իրավիճակներին, այնուհետև անցնում փրկարարական աշխատանքներին։
 
Ըստ սցենարի՝ կան վթարված մեքենաներ, տարբեր վնասվածքներով տուժածներ: Փրկարարների խնդիրն է գնահատել իրավիճակը, հատուկ տեխնիկայի ճիշտ օգտագործմամբ ազատել արգելափակված տուժածներին և ցույց տալ առաջին օգնություն։
 
 
ՀՓՋ օղակի հրամանատար Հակոբ Հարությունյանն ասում է՝ «Այս ընթացքում շատ բան սովորեցինք: Դասընթացները կարևոր են ավելի բարդ իրավիճակներ հաղթահարելու համար»:
 
Վերապատրաստման դասընթացին մասնակցում էր տարբեր ստորաբաժանումների 13 փրկարար:
 
 
Դասընթացի նպատակն էր բարձրացնել փրկարարների պատրաստվածությունը, կատարելագործել համատեղ փրկարարական աշխատանքների կազմակերպչական և գործնական հմտությունները։
 
Վերապատրաստում անցած ծառայողներին տրվեցին հավաստագրեր։

 

  • Կիսվել: