ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարությունները շարունակում են խորացնել համագործակցությունը

Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարությունները շարունակում են խորացնել համագործակցությունը

ԵՄ կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում, ՆԳ նախարարության կազմավորման ու ենթակա կառույցներում ընթացող համընդգրկուն բարեփոխումներով պայմանավորված, ՀՀ ներքին գործերի նախարարության պատվիրակությունն ապրիլի 22-ից 26-ը աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետությունում էր։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից:

Պատվիրակության կազմում էին ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մկրտչյանը, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանը, ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը, միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Արմեն Սեդրակյանը, իրավաբանական վարչության պետի տեղակալ Արմեն Մարտոյանը և ՌՊՔՄՄ վարչության միգրացիայի և քաղաքացիության ոլորտում քաղաքականության մշակման և մոնիթորինգի բաժնի պետ Մարիա Ալահվերդյանը։

Այցի ընթացքում ՀՀ ՆԳՆ պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել Լիտվայի ՆԳ փոխնախարար Ագնետա Լադեկի, Լիտվայի ոստիկանության գլխավոր կոմիսար-գեներալ Ռենատաս Պոժելայի և Լիտվայի ՆԳ նախարարության մի շարք կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ:

Հանդիպումները տեղի են ունեցել պետական ծրագրերի կառավարման կենտրոնական գործակալությունում, ոստիկանական ստորաբաժանումներում, Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում և Վիլնյուսի համալսարանում։

Հանդիպումների ընթացքում մասնավորապես անդրադարձ է կատարվել իրավապահ մարմինների վարչարարությանն ու բարեփոխումների գործընթացի իրականացման, վերլուծության և ռազմավարական պլանավորման, ինչպես նաև կոռուպցիայի կանխարգելման հարցերին։

Լիտվացի գործընկերները հանդիպումների ընթացքում վերահաստատել են պատրաստակամությունը՝ աջակցելու ՀՀ ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումներին։

  • Կիսվել: