Պետք չէ վախենալ միջազգային ստանդարտներից, դրանց կիրառումը հեշտացնում է հանքարդյունաբերողի գործը․ ԶՊՄԿ գործադիր տնօրեն
Երբ խոսում են բնապահպանական կամ սոցիալական միջազգային ստանդարտների մասին, առաջին ազդակն այն է, որ ստացվում է՝ հանքարդյունաբերողն ընկնում է ծանր բեռի տակ: Այս մասին այսօր հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ ոլորտի ռազմավարության շուրջ կլոր սեղան քննարկման ժամանակ ասաց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործադիր տնօրեն Արմեն Ստեփանյանը։
Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մեր համոզմամբ՝ դա այդպես չէ, միջազգային ստանդարտների կիրառումը շատ ավելի հեշտացնում է հանքարդյունաբերողի կյանքը և գործը: Ինչքան ավելի հստակ է ստանդարտը, այնքան ավելի հեշտ է ընտրություն կատարել տեխնոլոգիաների, մեթոդների և միջոցառումների ընտրության մեջ՛՛:
Ըստ Ստեփանյանի՝ միջազգային ստանդարտը միջազգային փորձի շտեմարան է, քանի որ, նրա խոսքով, մեկ համապարփակ փաստաթղթի մեջ խտացված է, թե մինչ 2023 թվականը ինչ խնդիրների միջով է անցել ոլորտը:
՛՛Խնդիրներ են եղել, դրանք լուծվել են որոշակի ձևով, և աշխարհում դա արտացոլվել է որոշակի ընհանուր ստանդարտի ձևով։ Պետք չէ վախենալ ստանդարտներից, դրանք իրականում ավելի են հեշտացնում մեր բոլորի կյանքը՛՛,-նշեց Ստեփանյանը: