ՊԵԿ-ը բացահայտել է խաղատան կողմից 4.2 միլիարդ դրամի ստվերային շրջանառության դեպք
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները բացահայտել են խաղատան կողմից հարկման բազաները խեղաթյուրելու և այդ ճանապարհով գործունեության իրական ծավալները թերհայտարարագրելու դեպք։
Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:
«Օրերս վարչության շահումով խաղերի, խաղատների և վիճակախաղերի գործունեության վերահսկողության ապահովման բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Ծաղկաձոր քաղաքում գործող խաղատունը, շրջանցելով հարկային օրենսդրության պահանջները, ընդունում է խաղադրույքներ և այդ գործարքները չի ներառում հաշվապահական հաշվառման մեջ ու հարկային մարմնում չի հայտարարագրում։
Տեղեկությունները ճշտելու նպատակով կազմակերպվել և իրականացվել են բազմակողմանի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ խաղատունը թերհայտարարագրել է շուրջ 4.2 միլիարդ դրամի իրացման շրջանառություն։ Բացի այդ՝ արձանագրվել են նաև այլ իրավական ակտերով սահմանված պահանջների խախտումներ, որոնց վերահսկողությունն իրականացվում է հարկային մարմնի կողմից:
Կատարված նախնական հաշվարկով խաղատան կողմից պետությանը պատճառվել է շուրջ 887 միլիոն դրամի վնաս։
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հատկանիշներով:
Վարութային և օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում խաղատանն իրականացվել են խուզարկություններ, առգրավվել են նախաքննության համար կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր և էլեկտրոնային կրիչներ։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ խաղատնային բիզնեսում հարկային ռիսկերի և կանխիկ գործարքների նկատմամբ վերահսկողությունը կրելու է շարունակական բնույթ։
Հիշեցնենք, որ տնտեսական գործունեության թափանցիկությունը և հարկային պարտավորությունների ամբողջական կատարումը ոչ միայն օրենքի պահանջ են, այլև պետության ֆինանսական կայունության ապահովման հիմնարար նախապայման»,- ասվում է հաղորդագրության մեջ: