Պաշտոնապես վերականգնվել է Ղազախստան–Հայաստան–Ղազախստան ուղիղ կանոնավոր ավիափոխադրումը
Պաշտոնապես վերականգնվել է Ղազախստան–Հայաստան–Ղազախստան ուղիղ կանոնավոր ավիափոխադրումը։ Այսուհետ, ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել ՂՀ տարածք առանց հիմք ներկայացնելու։ Այս պահի դրությամբ, փաստացի դեռ գործում է միայն Ակտաու–Երևան–Ակտաու երթուղին։ Նախնական տվյալներով, Նուր–Սուլթան–Երևան–Նուր–Սուլթան երթուղին գործարկվելու է մոտ ժամանակներս, եթե լինեն անհրաժեշտ քանակությամբ ուղևորներ, հայտնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից:
՛՛Հայտարարություն Ղազախստան–Հայաստան–Ղազախստան ուղիղ կանոնավոր թռիչքների վերականգնման վերաբերյալ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Տեղեկացնում ենք, որ պաշտոնապես վերականգնվել է Ղազախստան–Հայաստան–Ղազախստան ուղիղ կանոնավոր ավիափոխադրումը, ինչը ժամանակավորապես դադարեցվել էր 2020 թ․ հունվարի 21-ից նախ տեխնիկական, ապա՝ COVID-19 համավարակի պատճառով։
Հայկական կողմը բազմիցս պաշտոնապես դիմում էր այն վերականգնելու հարցով։
Ընթացիկ տարվա հունիսի 16-ին Ղազախստանի Հանրապետության պետական իրավասու մարմինը (Межведомственная комиссия по недопущению возникновения и распространения коронавирусной инфекции на территории РК) ընդունել է որոշում, որի 3–րդ կետի համաձայն Ղազախստանն իր մասով թույլտվություն է տվել ուղիղ կանոնավոր չվերթների վերականգնման հարցում՝ Նուր–Սուլթան–Երևան–Նուր–Սուլթան և Ակտաու–Երևան–Ակտաու երթուղիներով, որոնցից յուրաքանչյուրը՝ շաբաթը 2 անգամ հաճախականությամբ։ ՂՀ արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման նախարարությունն օրերս տարածել է այդ փաստը հաստատող պաշտոնական հայտարարություն (մանրամասն՝ https://t.me/miirkz/8152)։
Հետևաբար, ՂՀ տարածք մուտք գործելու և լքելու դեպքերում կիրառվում է ՂՀ պետական սահմանը հատելու կարգի (փետրվարի 9–ի խմբագրություն) 2-րդ կետը (Порядок пересечения Государственной границы Республики Казахстан с 11 мая 2020 года на период карантинных ограничений)։
Հիշեցնենք, որ ՀՀ–ն վերացրել էր օդային ճանապարհով օտարերկրյա, այդ թվում՝ ՂՀ քաղաքացիների մուտքի արգելքը դեռևս 2020 թ․ օգոստոսին (մանրամասն՝ https://www.facebook.com/armembkz/posts/3361638880563435)։
Ուղիղ ավիափոխադրումները շարունակում է իրականացնել «SCAT Airlines» ավիաընկերությունը:
Այս պահի դրությամբ, փաստացի դեռ գործում է միայն Ակտաու–Երևան–Ակտաու երթուղին՝ շաբաթը 1 անգամ (ամեն ուրբաթ) հաճախականությամբ։ Առաջին կանոնավոր թռիչքը տեղի ունեցավ հունիսի 25-26-ը, հաջորդը տեղի է ունենալու հուլիսի 2-3-ը։ Այդ մասին օրերս հայտարարությամբ է հանդես եկել նաև տվյալ ավիաընկերությունը (մանրամասն՝ http://www.scat.kz/ru/news-340.html)։
Նախնական տվյալներով, Նուր–Սուլթան–Երևան–Նուր–Սուլթան երթուղին գործարկվելու է մոտ ժամանակներս, եթե լինեն անհրաժեշտ քանակությամբ ուղևորներ։
Տոմսերը կարող եք գնել ավիաընկերության պաշտոնական կայքում և դրամարկղերում՝
Այսպիսով, ճամփորդելիս անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ հանգամանքները․
1․ ՀՀ քաղաքացիները կարող են առանց հիմք ներկայացնելու օդային ճանապարհով, այդ թվում՝ տրանզիտային չվերթներով մուտք գործել Ղազախստան (փոփոխությունները չեն վերաբերում ցամաքային ճանապարհով սահմանը հատելուն, այսինքն՝ օրինակ ՌԴ–ից Ղազախստան մուտք գործելու դեպքում անհրաժեշտ է ունենալ հիմք՝ ըստ վերոնշյալ Կարգի),
2․ ՂՀ տարածք մուտք գործելիս բոլոր անձինք պարտավոր են ներկայացնել
- կամ COVID-19 ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ (կարող է լինել ռուսերեն կամ անգլերեն)՝ առավելագույնը 72 ժամ (3 օր) վաղեմության ժամկետով,
- կամ COVID-19 դեմ միայն Ղազախստանում ամբողջական պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ
3․ ՂՀ քաղաքացիները կարող են առանց հիմք ներկայացնելու օդային ճանապարհով, այդ թվում՝ տրանզիտային չվերթներով մեկնել Հայաստան,
4․ ՀՀ տարածք մուտք գործելիս բոլոր անձինք պարտավոր են ներկայացնել
- կամ COVID-19 ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ,
- կամ COVID-19 դեմ ամբողջական պատվաստված՝ երկու դեղաչափ, երկրորդ դեղաչափը երկիր մուտք գործելու օրվանից նվազագույնը 14 օր առաջ ներարկված լինելը հավաստող սերտիֆիկատ (մանրամասն՝ https://www.facebook.com/armembkz/posts/4193135454080436/),
5․ Ղազախստանում կացության քարտ (ВНЖ) ունեցող ՀՀ քաղաքացիները Ղազախստանից մեկնելուց հետո կարող են վերադառնալ նաև ավելի շուտ քան 30-օրյա ժամկետը (մանրամասն՝ https://www.facebook.com/kmsmvd/posts/4593991747297177),
6․ Ղազախստան ժամանելու և տրանզիտային քաղաքների որոշ սահմանապահներ հնարավոր է, որ սկզբնական շրջանում դեռ պաշտոնապես տեղեկացված չեն վերոնշյալի մասին։ Նման դեպքերում կարող եք անմիջապես կապ հաստատել ՀՀ դեսպանության հետ,
7․ ՂՀ տարածքը լքելուց առաջ անհրաժեշտ է կարգավորել միգրացիոն/գրանցման բոլոր փաստաթղթերը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։