Փաշինյանը վստահեցնում է՝ կորոնավիրուսի դեմ պայքարում բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են
Փետրվարի 26-ի դրությամբ աշխարհի 37երկրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության դեպքեր։ Այս մասին այսօր գործադիրի նիստում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նրա փոխանցմամբ, կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 81 109-ի: Հաստատված դեպքերից 78191-ը Չինաստանում են, որոնցից մահվան դեպքերի թիվը հասել է 2718-ի։ Ինչ վերաբերում է ծանր դեպքերին, ապա, ըստ նախարարի, դրանք կազմում են վարակվածների 5%-ը։
Արսեն Թորոսյանը նշեց, որ վարակվածների մեծ մասը բուժվում են, նույնիսկ կան հիվանդներ, որոնք ինքնուրույն են բուժվում, բժշկական օգնության կարիք չի լինում ։
«Այսինքն, մարդը կարող է կորոնավիրուսով վարակվի, թեյ խմի, սուրճ խմի, օղի խմի, հաջորդ օրը վեր կենա գնա՞…»,-հարցրեց Փաշինյանը:
Նախարարը դրական պատասխան տվեց՝ նշելով, որ դա մի կողմից դրական է, մյուս կողմից՝ բացասական, եթե հաշվի առնեն դեպքերի բացահայտման փաստը:
«Դե եթե մարդը գլխի չի ընկել, որ կորոնավիրուսով վարակվել է, ո՞նց պետք է հայտնաբերի»,-արձագանքեց վարչապետը:
Ինչ վերաբերում է տարածաշրջանին, Արսեն Թորոսյանը հայտնեց, որ հարևան Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը, ըստ պաշտոնական տվյալներով, կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 139-ի, որից 19-ը՝ մահվան ելքով: Վրաստանում ևս գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 1 դեպք։
Արսեն Թորոսյանը նշեց, որ առավոտյան խոսել է վրացի գործընկերոջ հետ, վերջինս հայտնել է, որ վարակվածի հետ շփված անձինք անցել են կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստ, բոլորի դեպքերում պատասխանները եղել են բացասական։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակված քաղաքացին Իրանից Ադրբեջանի տարածքով է հասել Վրաստան: Նա շփվել է սահմանային անցակետի աշխատողների հետ, որոնց մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել: «Այսինքն՝ կարող ենք ասել, որ Վրաստանում վարակի դեպք չունենք»,- նշեց նա։
Վարչապետը գովասանքի խոսքեր ասաց վրացական կողմի աշխատանքների հասցեին՝ հույս հայտնելով, որ Հայաստանում ևս նման միջոցառումներ ձեռնարկվում են:
Նախարարն անդրադարձավ երեկ Իրանից Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիներին՝ նշելով, որ նրանց մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել: «Բոլորը եղել են առողջ, Երևանում տեղում զննություն է կատարվել։ Հետևաբար, որևէ դեպք չենք ունեցել»,- ասաց նա։
Արսեն Թորոսյանի խոսքով՝ Հայաստանում կորոնավիրուսի կասկածանքով 95 մարդ հետազոտվել է, թեստավորում անցել, բոլորի դեպքերում պատասխանները եղել են բացասական։
Նա նաև ասաց, որ այս պահին Հայաստանում կա կորոնավիրուսի ախտորոշման 850 թեստ, շուտով մեր երկիր կհասնի ևս 3000-ը։ «Հնարավոր ամեն ինչ արվում է, որ վարակի ներթափանցուmը մեր երկիր կանխվի»,- նշեց նա։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարում բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են, հանրապետությունն ապրում է իր բնականոն կյանքով. «Իհարկե, հանրությունը պետք է համոզված լինի, որ եթե անհանգստացնող տեղեկատվություն լինի, բնականաբար, դա կհանրայնացվի»։
Վարչապետը խոսեց նաև բանակում ձեռնակված կանխարգելիչ միջոցների մասին՝ հույս հայտնելով, որ ծնողներն այս փուլով դրան ըմբռնումով կմոտենան:
Նիկոլ Փաշինյանը նաև հույս հայտնեց, որ Իրանի գործընկերների կողմից ձեռնարկվող միջոցառումներն արդյունավետ կլինեն, և Հայաստանը կկարողանա օր առաջ վերականգնել Իրանի հետ բնականոն հաղորդակցությունը:


