Փաշինյանը կոչ է անում օգտագործել հայկական արտադրության հակասեպտիկ միջոցներ, քանի որ դրանցից հոտ չի գալիս
«Խուսափել հիվանդ մարդկանց հետ շփումից, պահպանել անձնական հիգիենայի կանոնները, հատկապես՝ ձեռքերը լվանալու տեսանկյունից. դրանք ամենաարդյունավետ միջոցներն են վիրուսի կանխարգելման համար»,- կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ներկայացնելով այն միջոցները, որոնց կիրառումից հնարավոր է խուսափել վիրուսներից։
Նրա խոսքով՝ ձեռքերը պետք է հաճախ լվանալ, եթե հնարավոր է՝ անտիսեպտիկ նյութերով. «Բանակում արդեն սահմանափակող միջոցառումներ են ձեռնարկվել: Մենք մեր մյուս գործընկերների հետ էլ ենք աշխատում և բոլոր տեսակի փակ տիպի, շատ կուտակումներ ունեցող հաստատություններում առաջարկում ենք սահմանափակող միջոցառումներ կիրառել, մինչև վտանգն ամբողջությամբ կվերանա»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով հակասեպտիկ միջոցներին, ասաց, որ հիմա շատ տարածված են սպիրտային հիմքով պատրաստվող գելերը. «Ես ուշադրություն եմ հրավիրում նրա վրա, որ հայկական արտադրության միջոցներ էլ կան: Կոչ եմ անում օգտագործել հայկական արտադրության միջոցները, հատկապես, որ մյուսներից այդքան էլ հաճելի հոտ չի գալիս, իսկ հայկականից ընդհանրապես հոտ չի գալիս»:


