Ոստիկանությունը կհսկի ինքնամեկուսանալու ցուցում ստացած քաղաքացիների քայլերը
Արտակարգ դրության ռեժիմի պարետատանը շրջանառության մեջ է դրվել ցուցման նախագիծ, որով սահմանվելու է, թե ինչպես են հսկվելու ինքնամեկուսանալու ցուցում ստացած քաղաքացիների քայլերը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը:
Նա, մասնավորապես, նշեց. «Այս պահի դրությամբ պարետատան մեր գործընկերներն աշխատում են մի նախագծի վրա, որը ժամեր անց կընդունվի: Այդտեղ հստակ կետ կա, որտեղ նշված է, որ մենք ծանուցում ենք ուղևորին, որը պետք է ինքնամեկուսացվի, և, եթե նա չմեկուսացվի, այդ տեղեկությունը բացի Առողջապահության նախարարությունից, կգնա նաև ոստիկանություն: Բացի այն, որ նա կենթարկվի վարչական պատասխանատվության, արդեն ոստիկանությունը կհսկի նրա ինքնամեկուսացված լինելու փաստը»:


