Ոստիկանությունն առաջարկում է կրճատել անձնագրերի վավերականության ժամկետը
ՀՀ ոստիկանությունն առաջարկում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրամադրվող անձնագրերի վավերականության ժամկետը նվազեցնել միանգամից 8 տարով՝ դարձնելով երկու տարի։ Կառավարության այս որոշման նախագիծը Ոստիկանությունը շրջանառության մեջ է դրել երեկ՝ e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Ներկայումս Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը տրամադրվում է 10 տարի վավերականության ժամկետով, բացառությամբ մինչև 16 տարեկանների, ինչպես նաև զինապարտ քաղաքացիների:
Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը սահմանել 2 տարի:
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի մասով փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:
Մեկ այլ նախագծով էլ նախատեսվում է օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգման առավելագույն ժամկետ սահմանել 2 տարին: