կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Ոստիկանության շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ Մելիքյանը պատռեց ադրբեջանական շևրոնը

Ոստիկանության շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ Մելիքյանը պատռեց ադրբեջանական շևրոնը

Վերջին օրերին, շաբաթներին ոստիկանները ցուցարարներին, ակտիվիստներին անընդհատ տանում են ոստիկանության բաժիններ. մեր եւ ոստիկանության կապվածությունը հասել է իր գագաթնակետին: Այս մասին այսօր ոստիկանության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն էլ նշեց. «Մենք այսօր ոստիկանության կենտրոնական մասնաշենքի առաջ են հավաքվել եւ ամեն օր մեր բողոքի ձայնն ենք բարձրացնելու այնքան ժամանակ, քանի դեռ մեր երկրում մեզ ծնկած ենք զգում, քանի որ մեր երկրի ղեկավարը թշնամու առաջ ծնկած մարդ է, այնքան ժամանակ, քանի դեռ մեր երկիրը ղեկավարում է թշնամու առաջ ծնկած, թշնամու ծաղրուծանակին ենթարկվող մարդկանց խմբակ»:

Մելիքյանը հավելեց, որ իրենք ուղերձ ունեն ոստիկանությանը՝ կապված առանձին ծառայողների վարքագծի հետ. «Մենք ուղերձ ունենք ոստիկանությանը՝ կապված առանձին ծառայողների վարքագծի հետ: Օրեր առաջ ես ոստիկաններին հորդորեցի ու խնդրեցի, որ իրենց չպահեն ադրբեջանական շեւրոն կրող ոստիկանների նման: Ցավոք սրտի, վերջին օրերը ցույց տվեցին, որ այդպիսինները կան, թեկուզ շատ չեն: Մենք այսօր մեզ հետ բերել ենք ադրբեջանական շեւրոն, որպեսզի հորդորենք, որպեսզի այն, որից ոստիկանների մի մասն իրենց թեւին կամ սրտի մեջ ունեն, վերացնեն:

Մենք Հայաստանում ենք, ՀՀ քաղաքացիներ ենք: Ոստիկանությունը պարտավոր է մեզ վերաբերվել որպես իրենց հայրենակիցների: Այն առանձին ոստիկանության ծառայողները, որոնք իրենց ուսերին այս շեւրոնն են կրում, այս շեւրոնը պատռելով, հորդորում ենք վերացնել անհամաչափ ուժ կիրառելը:

Մարդկանց հարվածում են երբեմն, երեկ տեսանք, որ նույնիսկ հոսպիտալացված մարդ եղավ: Մենք հորդորում ենք խստորեն պահպանել օրենքի պահանջները»:

Այս ասելով՝ Մելիքյանը պատռեց ադրբեջանական շեւրոնը:

 

 

  • Կիսվել: