Ոստիկանները գրպանահատության դեպք են բացահայտել. տեսանյութ
Ոստիկանության գրպանահատության դեմ պայքարի մասնագիտացված ստորաբաժանումը հետեւողականորեն շարունակում է հայտնաբերել եւ բերման ենթարկել գրպանահատներին:
Հունվարի 13-ին, ժամը 13.30-ի սահմաններում, 70-ամյա մի կին ոստիկանության Արաբկիրի բաժին էր դիմել, որ րոպեներ առաջ մետրոյի «Բարեկամություն» կայարանի մոտ, թիվ 58 երթուղու ավտոբուսում գողացել են դրամապանակը, որի մեջ եղել էր փող ու սոցիալական քարտ:
Նույն օրը ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցների մասնագիտական հմտության շնորհիվ գրպանահատության դեպքը բացահայտվեց:
Քրեական հետախույզները Բաղրամյան պողոտայից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկեցին Արմավիրի մարզի Արեւշատ գյուղի 50-ամյա մի բնակչի:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Կասկածվողը տվել է խոստովանական բացատրություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: