ԱՍՀ նախարարությունում քննարկվել է անկախ կյանքի կենտրոնների գործունեության կարգի նախագիծը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում առցանց ձևաչափով տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի ընդլայնված կազմով նիստը, որի ժամանակ ներկայացվել և քննարկվել է անկախ կյանքի կենտրոնի գործունեության կարգը և պայմանները սահմանող իրավական ակտի նախագիծը։
Նախարարությունից հայտնում են՝ նիստը վարում էր ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։
Քննարկմանը մասնակցել են Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը, մարզպետներին կից հանձնաժողովների ներկայացուցիչները, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԶԾ-ի (UNDP) ներկայացուցիչները, ինչպես նաև փորձագիտական խմբի անդամները։
Քննարկման ընթացքում նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը ներկայացրել է անկախ կյանքի կենտրոնների ստեղծման իրավական հիմքերը և համայնքահեն ծառայությունների ներդրման տեսլականը։
ԱՍՀ նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը ներկայացրել է «Անկախ կյանքի կենտրոնների գործունեության կարգը և պայմանները հաստատելու մասին» ԱՍՀ նախարարի հրամանի նախագիծը։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը ներկայացրեց Մեծամորոմ կառուցվող անկախ կյանքի կենտրոնի շինարարության ընթացքի մասին մանրամասներ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջգերատեսչական համագործակցության ամրապնդմանը և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված մի շարք հարցերի։ Նիստը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով։


