կիրակի, հոկտեմբեր 6
6 / 10 / 2024
«Որդիների կանչ» ՀԿ-ն պնդում է՝ տնօրեններին հրահանգել են արգելել զոհվածների ծնողներին մտնել դպրոցներ և տեսնել Փառքի անկյունները

«Որդիների կանչ» ՀԿ-ն պնդում է՝ տնօրեններին հրահանգել են արգելել զոհվածների ծնողներին մտնել դպրոցներ և տեսնել Փառքի անկյունները

Տնօրենները ցուցում ունեն արգելել զոհվածների ծնողներին մտնել դպրոցներ և տեսնել Փառքի անկյունները։ Այս մասին ասված է «Որդիների կանչ» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջում:

«Այսօր՝ մարտի 13-ին, «Որդիների կանչ» ՀԿ անդամները այցելեցին Արագածոտնի մարզի 4 դպրոց, որոնցից միայն 1-ում թույլ տվեցին մուտք գործել հաստատություն, մյուս 3-ում ասացին, որ մարզպետարանից ունեն հրահանգ՝ կողմնակի անձանց մուտքն արգելել դպրոց։
 
Առաջին կանգառը եղավ Արագածոտնի մարզի Ափնայի միջնակարգ դպրոց, որտեղ տնօրեն Սուսաննա Հակոբյանը արգելեց ծնողներին մուտք գործել հաստատություն։
 
Երկրորդ կանգառը Շաքրո Մհոյանի անվան Ալագյազի միջնակարգ դպրոցն էր, այստեղ ևս տնօրենը՝ Ռեզո Մախմուդովը, ծնողներին արգելեց մուտք գործել հաստատություն և տեսնել Փառքի անկյունը։
 
Երրորդ կանգառը Ծաղկահովիտի Ավետիք Իսահակյանի անվան միջնակարգ դպրոցն էր։ Տնօրենը՝ Եղիշե Անտոնյանը, ծնողներին ասաց, որ լիազոր մարմնից ցուցում է ստացել, որ որևէ մեկին թույլ չտա մուտք գործել դպրոց։
 
Միայն 4-րդ հաստատությունում՝ Ապարանի ֆիզիկամաթեմատիկական ավագ դպրոցում ծնողներին թույլ տվեցին մուտք գործել և տեսնել պատերազմում նահատակված զինծառայողների Փառքի անկյունը։
 
44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը, Oragir.News-ի հետ զրույցում նկատեց՝ իշխանությունները հատուկ հրահանգ են իջեցրել, որպեսզի ծնողներին արգելել մուտք գործել ուսումնական հաստատություններ։
 
«Դպրոցի տնօրեններից մեկը ուղիղ ասաց, որ ցուցում ունեն մարզպետարանից, և այդ պատճառով թույլ չեն տալու։ Արագածոտնի մարզը շատ վատ հյուրընկալ էր, ես ուզում եմ դիմել մեր ազգաբնակչությանը և բոլոր պատգամավորներին, ես կնախաձեռնեմ հաջորդ այցը նույն դպրոցներ արդեն մեծ թվաքանակով՝ հասարակական կազմակերպությունների, պատգամավորների, քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ»,-ասված է գրառման մեջ:

  • Կիսվել: