երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Օմիկրոնը կլինի սովորական վիրուս, մարդիկ կհիվանդանան, կլավանան սովորական հարբուխի տեսքով. Զեյնալյան

Օմիկրոնը կլինի սովորական վիրուս, մարդիկ կհիվանդանան, կլավանան սովորական հարբուխի տեսքով. Զեյնալյան

Այո, կորոնավիրուսի դեպքերի թիվը շատ բարձր է եւ դա մեծամասամբ օմիկրոն տեսակի շտամն է, որովհետեւ այն ունի բավականին մեծ տարածվածության ցուցանիշ, բայց դրան զուգահեռ մահաբերության ցուցանիշը խիստ ցածր է այլ շտամների համեմատ: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը:

«Եթե նկատել եք, այդքան բարձր հիվանդացության ցուցանիշի դեպքում մահվան թվերը եզակի են: Ըստ էության, մենք գնում ենք այնպիսի վիճակի, որ սա կլինի սովորական վիրուս, ինչպիսին գրիպի սեզոնային վիրուսն է: Վստահ եմ, որ կգնա դրան,  մարդիկ կհիվանդանան, կլավանան սովորական հարբուխի տեսքով, եւ հոսպիտալացման կարիք մեծ մասամբ չի լինի»,-ասաց նա

Հարցին, թե որքանով են պատվաստումները արդյունավետ օմիկրոն շտամի դեպքում, Զեյնալյանը պատասխանեց, որ չի հանդիպել այդպիսի վիճակագրություն եւ չի կարող որեւէ տեղեկատվություն տալ:

«Մենք Հայաստանում ունենք բնակչության մոտ 40 տոկոսի պատվաստվածություն 2 դեղաչափով, բայց սա  բավական ցածր ցուցանիշ է, որպեսզի չունենանք վիրուսի տարածում: Սա ընդամենը օգնում է, որ հոսպիտալացման դեպքերը պակասեն: Քանի դեռ չունենք 90 եւ ավել տոկոս պատվաստում, մենք ունենալու ենք համաճարկային իրավիճակ»,- ընդգծեց պատգամավորը՝ հավելելով, որ եղած սահմանափակումները բավարար են, որ վերահսկելի  պահեն վիրուսի տարածումը:

  • Կիսվել: